Իրավական գլխավոր 

Ֆինանսների փոխնախարարը ՀՀ բոլոր քաղաքացիներին հանցագործ անվանեց

Մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք հանցագործներին։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն այսօր՝ հունվարի 30-ին, Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ այսպես է արձագանքել փաստաբանական ծառայությունները ԱԱՀ–ից ազատելու առաջարկին։

«Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»,– ասել է նա: 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հակադարձել է՝ նշելով, որ ցավալի է, երբ պաշտոնատար անձը մեղադրվող անձին հանցագործ է անվանում. «Դա արդեն իսկ լուրջ վերաբերմունք է և լուրջ պիտակավորում է»,–ասել է նա։ 

Ֆինանսների փոխնախարարն էլ պատախանել է, որ ինքը միայն երևույթը նկատի ուներ և հայցեց գործընկերոջ ներողամտությունը՝ իրավաբանական սխալ տերմիններ կիրառելու համար։

Փաստացի Ֆինանսների փոխնախարարը ՀՀ բոլոր քաղաքացիներին հանցագործ անվանեց, քանի որ որևէ քաղաքացի ապահովագրված չէ նրանից, որ մի օր կարող է փաստաբանի կարիք ունենալ, և դա ամենևին չի նշանակում, որ ինքը հանցագործ է և դրա համար է փաստաբանի ծառայություններից օգտվում: 

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել՝ փաստաբաններն ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու և 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու:

 

Նույն շարքից