Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական խումբը հսկայածավալ աշխատանքներ է կատարել և, համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Աբովյանի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի իրենց գործընկերների հետ, քննչական վարչություն են հրավիրել մեծ թվով քաղաքացիների: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկանություն և քննչական բաժիններ են հրավիրվել նաև այն անձինք, ովքեր դեպքի օրը առնչություն են ունեցել այդ թվում՝ հեռախոսային, գործով անցնող բոլոր վիրավորների, մահացածի, կասկածյալների հետ, և բացատրություններ են տվել թե՛ ոստիկաններին, թե՛ քննիչներին, թե այդ օրը, ինչպես նաև միջադեպի ժամանակ որտեղ են եղել: 2 տասնյակից ավելի հրավիրվածների մեջ է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը:
Արդեն հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում Ն. Ծառուկյանը հայտնել է, թե միջադեպի օրը և միջադեպի ժամանակ որտեղ է եղել: Ն. Ծառուկյանը եղել է Ծաղկաձորում՝ իրեն պատկանող ավտոմեքենայով: Իրավապահները Ն. Ծառուկյանի հայտնած տեղեկությունը պարզելու նպատակով այցելել են Ծաղկաձոր և նրա մատնանշած վայրի հասցեում ստուգել են տեսախցիկները, որտեղ արձանագրվել է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Տեսախցիկները ֆիքսել են նրա մուտքը և ելքը նշված վայրում, ինչից հետո հերքվել են այն տեղեկությունները, որ Ն. Ծառուկյանը միջադեպի օրը և միջադեպի ժամանակ եղել է «Շշի Մելոյին» պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում:
Մանրամասն՝ shamshyan.com