Հայաստան 

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը

analitik.am

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա և Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ:


96 տարի առաջ մայիսի 28-ին տեղի ունեցավ այն, ինչին մեր ժողովուրդը սպասել էր դարեր շարունակ: Մենք կրկին վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մե՛ր պետությունը` Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Աշխարհն այդ օրը կրկին լսեց հայի մասին, իմացավ, որ մենք կանք ու որ լի՛ ենք մեզ պաշտպանելու, մեր ապագան ինքներս կերտելու անկոտրում վճռականությամբ:

 

Եվ այսօր, նշելով մեր առաջին հանրապետության օրը, մենք նաև խոնարհվում ենք բոլոր այն հերոսների հիշատակի առջև, ովքեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և այլուր իրենց կյանքի գնով ապահովեցին հանրապետության կայացումն ու աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իսկապես անպարտելի է սեփական երկրի, հայրենիքի համար կռվող, իր օջախն ու արժանապատվությունը պահող հայ զինվորը: Նաև նրանց օրինակն էր, որ, ոգեշնչելով մեր նորօրյա հերոսներին, մեր ժողովրդին բերեց մայիսյան մյուս պանծալի հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը:


Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, հաջողություն: Արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին ու սերունդներին փոխանցենք ավելի հզոր, ավելի ծաղկուն Հայաստան:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Նույն շարքից