«Ժառանգություն» կուսակցությունը համակարծիք է ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին տարածած հայտարարության որոշ դրույթների հետ, ավելին, դրանցից մի քանիսի մասին «Ժառանգություն»-ը բարձրաձայնել է ավելի վաղ: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, հատկանշական է հայտարարության կոնկրետ այն դրույթը, որով նշվում է, որ երկիրը լուրջ, այդ թվում՝ արտաքին քաղաքական մարտահրավերների առջև է կանգնած: «Ճիշտ է ասված, որ Հայաստանը դժվարին կացության մեջ է և որ փորձարկումները կարող են շատ թանկ նստել մեզ վրա: Ինչ վերաբերում է կառավարության մասին Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին, ապա կասեմ, որ մենք էլ ի սկզբանե հայտարարել ենք. գործադիր մարմնից ոչ մի սպասում չունենք, և կարծում ենք, որ այն դժվար թե կարողանա լուծել հասարակության առջև ծառացած խնդիրները: Այս կառավարության մեջ խտացված են բացասական մի շարք երևույթներ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ չի հավատում այն հայտարարություններին, թե կառավարությունն անելու է ամեն բան՝ կրճատելու տնտեսության մեջ առկա ստվերն ու կոռուպցիան:
Արմեն Մարտիրոսյանը հատկանշական համարեց, որ ՀՀ առաջին նախագահի հայտարարության կետերից շատերի մասին իրենք ավելի վաղ են բարձրաձայնել: «Չեմ ուզում ասել, թե սա կրկնություն է, սակայն փաստ է, որ հայտարարությունում մատնանշված կետերի մասին «Ժառանգությունը» շատ ավելի առաջներում է խոսել»,- նշեց նա:
Կուսակցության փոխնախագահը նկատեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում անհստակություն է տեսնում հատկապես Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասով: «Ճիշտ է, առաջին նախագահը բարձրաձայնում է նախապես մեր առաջ քաշած այն դրույթը, որ Հայաստանի՝ Եվրասիական միության անդամակցության դեպքում հետին պլան են մղվում ինչպես անվտանգության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցերը, սակայն չի կոնկրտացնում իր գնահատականը՝ պե՞տք է Հայաստանն անդամակցի այդ կառույցին, թե ոչ: Ինչ վերաբերում է հայտարարության այն հատվածին, որ առաջին նախագահը խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին, ապա տակտիկական առումով համաձայն եմ նրա հետ, մասնավորապես, ներկայիս իշխանություններն, իմ կարծիքով, չեն վայելում հասարակության վստահությունը, ավելին՝ զբաղված են ժամավաճառությամբ»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ եթ իրենք կողմ են կառավարման խորհրդարանակն համակարգին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ներկայիս:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում մեկնաբանել ՀՀ առաջին նախագահի և ոչ մի հայտարարություն, այդ թվում՝ նախօրեի հայտարարությունը: «No comment»,- ասաց խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր Պետրոսյանը ilur.am կայքում երեկ տարածած իր հոդվածում քննադատական անդրադարձ էր կատարել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` ներկայացնելով «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»: