Հայաստան 

Հայաստանի քայքայված, բռնաբարված տնտեսությանն ուժեղ ձեռք է պետք. Գուրգեն Եղիազարյան

analitik.am

Ճիշտ չէ, երբ ՀՀ առաջին նախագահը «երկրի կործանման» մասին նման շեշտադրումներով է խոսում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ առաջին նախագահի հայտնի հոդվածում վերջինիս կողմից օբյեկտիվ գնահատականներ չեն հնչել:

«Չեմ կարծում, որ որևէ նախագահ ցանկանա՝ իր երկրում կործանարար երևույթներ տեղի ունենան: Սակայն նաև պետք չէ նախկինների բեռը բարդել ներկայիս իշխանությունների վրա: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ասեր, որ ժամանակին սխալներ են թույլ տրվել, հասկանալի կլիներ, բայց երբ ասում է, որ երկիրը կործանվում է, դա չափազանցված է: Նա այս կերպ գուցե մեսիջներ է ուղարկում ԲՀԿ-ին: Սակայն իրականում մեսիջները հասարակության համար են: Քաղաքական ուժերը միմյանց մեսիջներ փոխանցելու փոխարեն կարող են հանդիպել: Լևոն Տեր-Պետրոսյանը հեռատես քաղաքական գործիչ է և մեսիջներ հղում է  հետագա քայլերի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ մեսիջները ինչ-որ քաղաքական ուժերի վրա ճնշումներ գործադրելու փորձ են:

Ասուլիսի մյուս բանախոս Գուրգեն Եղիազարյանն իր հերթին նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր գնահատականներում միշտ օբյեկտիվ է եղել:

Անդրադառնալով կառավարության գործունեությանը և անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նա նշեց, որ ամեն ինչ դիտարկում է համեմատության մեջ: «Նախորդի նկատմամբ նա բացարձակ առավելություն ունի՝ տղամարդ է: Միաժամանակ, ակնհայտ է, որ այսօր մեր քայքայված, բռնաբարված տնտեսությանն տղամարդու ուժեղ ձեռք է պետք: Ամուր ձեռքն իր իսկ պատվի համար թույլ չի տա, որ բյուջետային միջոցները լափվեն, որ երկիր դատարկվի»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև:

Analitik.am-ի հարցին՝ ի զորու կլինի՞ Հովիկ Աբրահամյանի ուժեղ ձեռքը կանխել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը կարող է ի զորու լինել, սակայն այն թիմը որ պարտադրված է նրան, չի թողնի: Կարծում եք այնտեղ հավաքված մարդիկ կթողնե՞ն նրան ազատ գործել: Կառավարությունում սա սրա մորքուրի տղան է, նա նրա մորքուրի աղջիկը: Իսկ ես անձամբ իրավունք ունեմ չհավատալու, որ թանկացումներ կլինեն: Էնքան են մարդկանց խաբել, որ այս անգամ էլ երևի սուտ են ասում: Ասացին առաջ Հյաաստան՝ ո՞ր ջհանդամը գնացինք: Առաջ գնացի՞նք»- հարց հնչեցրեց նա՝ հավելելով, որ կառավարության երկարակեցությունը պայմանավորված է միամիայն մեկ հանգամանքով՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով: 

Նույն շարքից