Հայաստան 

Մայր Աթոռում կայանալիք միջազգային խորհրդակցությանը քննարկվելու է Սիրիայում ստեղծված իրավիճակը

analitik.am

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրավերով և Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու հյուրընկալությամբ, հունիսի 11-12-ին, տեղի կունենա միջազգային խորհրդակցություն` «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով: Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահության շրջանակներում կազմակերպված խորհրդակցությանը մասնակցելու են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայի տարբեր երկրներից և ԱՄՆ-ից Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ:

 

Խորհրդակցության ընթացքում արծարծվելու են «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական Աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում և Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաները:

 

Խորհրդակցության բացումը տեղի կունենա հունիսի 11-ին, «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի դահլիճում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթի մասնակցությամբ:

 

Հունիսի 12-ի առավոտյան խորհրդակցության մասնակիցները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Նույն շարքից