Հասարակություն 

Համազգեստը, որը ես հիմա կրում եմ շատ մեծ ոգևորություն է առաջացրել․ ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ աշխատակիցների համազգեստը չի փոխվել արդեն 50 տարի, փոխվել է տարբերանշանը, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, մնացածը նույնն է: Իսկ համազգեստը, որը ես հիմա կրում եմ շատ մեծ ոգևորություն է առաջացրել և բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ անհրաժեշտություն կա ծառայության աշխատակիցների համազգեստը փոխելու համար:

ԱԱԾ աշխատակիցների համազգեստի փոփոխության մասին Վանեցյանը հայտարարել էր օրեր առաջ:

Վանեցյանը նշեց, որ ինքը հիմա կրում է փորձնական տարբերակը. «Տաբատը մեր հիմնական համազգեստի տաբատն է, սվիտերը՝ ևս: Ավելացել է միայն բաճկոնը: Նախ համազգեստը պետք է լինի հարմար, որովհետև մարդն ամբողջ օրը, երբեմն նաև մի քանի օր կրում է այն: Համազգեստը պետք է լինի նաև գեղեցիկ, քանի որ այն կրելու են նաև հսկիչ անցագրային կետերի ծառայողները, որոնք առաջին մարդիկ են, ում հետ շփվում են ՀՀ մուտք գործող օտարերկրացիները և այլն: Մինչ այս համազգեստը հիշեցնում է Խորհրդային միությունը, իսկ հիմա այլ շունչ կլինի»:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ ԱԱԾ-ն, համազգեստը փոխելով, վատնում է պետական բյուջեի փողերը, Վանեցյանն ասաց, որ որևէ կոպեկ չեն վատնում, պետական բյուջեով հասանելիք գումարով են դա անում: Այսինքն, այն գումարը, որն առանց այդ էլ ծախսվում է համազգեստի վրա, ծախսվելու է նոր տեսք ունեցող համազգեստի վրա:

Հավելենք, որ այսօր Վանեցյանն այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ հայտարարեց, որ կօգնի տղաներին աշխատանքի անցնել ՀՖՖ-ում:

Նույն շարքից