Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման: Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, պարտավոր եմ ենթարկվել դրան: Բայց ուզում եմ ամեն դեպքում ասել, որ նախարարը քաղաքական պաշտոն է, իսկ եթե ԱԱԾ դառնա նախարարություն, կառույցի ղեկավարն էլ դառնա նախարար, անկախ իր ցանկությունից, փորձելու է առաջ տանել իր քաղաքական ուժի գիծը, այսինքն՝ քաղաքականացվելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով այն պահանջների մասին, որ ԱԱԾ-ն պետք է դուրս բերվի վարչապետի վերահսկողությունից, դառնա նախարարություն և հաշվետու լինի խորհրդարանին:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք բանակը քաղաքականացված է, ԱԱԾ տնօրենը նշեց, որ կա պաշտպանության նախարար, սակայն կա նաև Գլխավոր շտաբի պետ, որը կապ չունի քաղաքականության հետ, իսկ զորքն անմիջական ղեկավարում է հենց գլխավոր շտաբի պետը. «Բանակի ղեկավարը ԶՈւ Գլխավոր շտաբի պետն է, իսկ նախարարն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները»:
Խոսելով ԱԱԾ-ի հաշվետվողականության պահանջի մասին՝ Վանեցյանը հայտարարեց, որ հատկապես իր նշանակումից հետո, որևէ մեկի մոտ դժվար թե խնդիր առաջացած լինի որևէ հարցի պատասխան ստանալու հետ կապված. «Մեզ ուղղված հարցումները մշտապես ստանում են իրենց պատասխանները: Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է: Չկա մեկ դեպք, որ մենք չպատասխանենք, եթե հարցը չի պարունակում պետական գաղտնիք»: