Հասարակություն գլխավոր 

Կառուցելու ենք 700 մարզաշատ, ակադեմիա, մեծ մարզադաշտ. Արթուր Վանեցյանը՝ հայկական ֆուտբոլի զարգացման մասին

Այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքին վերաբերող իր հայտարարության մասին, ասաց, որ քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն, առաջիկայում արդյունքների մասին կլինի հրապարակում:

Վանեցյանը, ով նաև ՀՖՖ նախագահն է, խոսեց ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացվող ստուգումների մասին ևս. «Ես չեմ կարող ասել, որ նախկին ղեկավարների չարաշահումներն ենք բացահայտում: Իհարկե նոր ղեկավարություն է եկել, ՀՖՖ-ն մեծ տնտեսություն ունի, որը ստուգվում է: Ես չեմ ասում, թե պակաս կամ վատնած բան կա: Դա սովորական գործընթաց է, որը պետք է արվի ղեկավարության փոփոխության դեպքում»:

ՀՖՖ նախագահը նշեց, որ այսօր ֆեդերացիայում լուրջ աշխատանք է կատարվում. «Կարծում եմ, որ ունենալու ենք դրական ձեռքբերումներ մեր ֆուտբոլում: Արտասահմանից լրջագույն մասնագետներ ենք ներգրավել Հայաստանում ֆուտբոլը զարգացնելու համար: Շինարարություն ենք սկսելու, կառուցելու ենք շուրջ 700 դաշտեր, հանձնելու ենք երեխաներին: Դա կօգնի, որ  ֆուտբոլը մասսայականանա: Դրա հետ մեկտեղ կառուցելու ենք դպրոցներ, ակադեմիա, մարզադաշտ, որի կառուցումը մեծ գումարների հետ է կապված: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե եղած փողը պետք է այլ բաների վրա ծախսել, ոչ թե մարզադաշտի, ապա ասեմ, որ ՀՖՖ-ն պետական բյուջեից գումար չի ստանում, ընդհակառակը՝ հարկեր է վճարում: ՀՖՖ-ն գումար ստանում է ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից, ինչպես նաև իր կողմից իրականացվող տարբեր միջոցառումների արդյունքում ստանում է շահույթ: Իսկ եթե որևէ մեկը կխոսի նաև այդ գումարների մասին, կարող եմ ասել, որ դրանք այլ բանի վրա չենք կարող ծախսել, քանի որ տրվում են նպատակային»:

Վանեցյանը խոսեց նաև «Հրազդան» մարզադաշտի մասին՝ հայտարարելով, որ առաջիկայում կհանդիպի Աշոտ Աղաբաբյանի հետ, և կփորձեն գտնել լավագույն լուծումը:

Նույն շարքից