Քաղաքական Միջազգային Բարի օր 

ԱՄՆ-ն հայտարարել է հրթիռային համաձայնագրից դուրս գալու մասին

ԱՄՆ-ն փետրվարի 2-ից դադարեցնելու է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Նման հայտարարություն արել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այս մասին տեղեկանում ենք  ТАСС-ից:

«Ռուսաստանը տարիներ շարունակ առանց ամաչելու խախտում էր «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին»  պայմանագիրը: Ռուսաստանը նախկինի նման փաստացի խախտում է իր պարտավորվածությունները՝ չարտադրել, չտիրապետել և չփորձարկել 500-ից 5 500 կմ  միջին հեռահարության ցամաքային տեղակայության հրթիռներ»,-ասել է Պոմպեոն:

Նա նաև ընդգծել է, որ անկախ նրանից, որ ՌԴ-ն խախտել է վերոնշյալ պայմանագիրը, ԱՄՆ-ը  տարիներ շարունակ պահպանել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով էլ, պայմանագրից դուրս գալու գործընթացը կտևի 6 ամիս, եթե ՌԴ-ն չվերադառնա իր պարտականությունների կատարման տիրույթ.  «Ռուսաստանը շատ երկար ժամանակ է խախտել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը և մնացել անպատիժ՝ գաղտնի մշակելով և տեղակայելով արգելված հրթիռային համակարգերը, որոնք ուղղակի կերպով սպառնալիք են մեր արտասահմանյան դաշնակիցների և մեր արտասահմանում գտնվող զորքերի համար »,- ասել է Թրամփը:

Վերոնշյալ պայմանագիրը թույլ չի տալիս կողմերին ունենալ բալիստիկ հրթիռներ և թևավոր հրթիռներ, որոնք ունակ են թիրախներ խոցել 500-5,5 հազար կմ հեռավորության վրա: Մոսկվան ու Վաշինգտոնը պարբերաբար մեղադրում են իրար պայմանագիրը խախտելու մեջ: Մասնավորապես Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է Իսկանդեր-Մ համալիրի 9М729 թևավոր հրթիռի իրական բնութագիրը թաքցնելու մեջ: Պենտագոնում կարծում են, որ այդ հրթիռի խոցելիության հեռավորությունը 500 կմ-ից է սկսվում: Մոսկվան հերքում է դա:

Նույն շարքից