Հայաստան 

«Հյուսիս-հարավը» կհամապատասխանի միջազգային չափանիշներին

analitik.am

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Հորմիգոնես ի մորտերոս սեռանո Ս.Ժ.» ընկերության Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 12-ը: Մասնաճյուղը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ ենթակապալառու կազմակերպություն է, վերջինիս բարձրորակ ցեմենտ է մատակարարում: Երկարաձգելով այդ նպատակով ներկրված մեքենա-սարքավորումների մաքսային ժամկետը, կառավարությունն ապահովում է ծավալված աշխատանքի անընդհատությունն ու արդյունավետությունը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով (Տրանշ-2) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացումը: Այդ նպատակով ներդրումային ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մոտ 968 մլն դրամ:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև երեք տարի առաջ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է օտարել 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման ուղեգծի միջանցքի սահմանում գտնվող որոշ օբյեկտներ: Շինարարության կապալառուն որոշել է էլեկտրահաղորդման գծի ուղեգիծը: Սույն որոշումը հնարավորություն է տալիս մինչև բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը ուսումնասիրել օտարման ենթակա սեփականությունը, որի փոխհատուցումը նախատեսված է իրականացնել վարկային միջոցների հաշվին:

Գործադիրը որոշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել մոտ 62 մլն դրամ, որով կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ոռոգման համակարգի ստեղծման և ցանկապատման միջոցով Երևանի շրջակայքում կանտառապատվի 31 հա, ՀՀ մարզերում՝ շուրջ 100 հա տարածք:

Նույն շարքից