ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով սահմանվում են սկզբունքներ՝ կապված ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության աշխատանքներում Եվրամիության սահմանած նոր չափորոշիչների կիրառման հետ:
Փոփոխելով ու լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, գործադիրը նպատակ ունի տեխնիկապես կատարելագործել փրկարարական աշխատանքի կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը և արդիականացնել կապի միջոցները:
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության մեկ այլ որոշման մեջ. նպատակը այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպման պատշաճ իրականացումն է: Սահմանվել են այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրեր (կազմակերպություններ) և նոր աշխատատեսակներ:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2014թ. ծրագիրը, որի նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածությունը և գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ համապատասխանի միջազգային պահանջներին և չափանիշներին,
-ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը, որի համաձայն նշված քաղաքացիներին կտրամադրվի ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում և նրանց հնարավորություն կընձեռվի սովորել անվճար և ավարտելուց հետո աշխատել իրենց բնակավայրերում,
-«Երևանի N 1 տուն ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը. ծրագրի իրականացման նպատակով 1 մլն ԱՄՆ դոլար նվիրատվություն է տրամադրել Քուվեյթի Պետությունը,
-ներդրումների ներգրավման նպատակով գույքի գրավադրման կարգը, որով կապահովվի պետական, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ներդրումային ծրագրերի իրականացումը,
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությունը: