Նիստ չի եղել, եղել է հանդիպում վարչապետի և կառավարության առանձին անդամների հետ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով այսօր վարչապետի հետ կայացած փակ հանդիպման մասին:
Մակունցի խոսքերով, կայացած հանդիպման մեջ որևէ զարմանալի բան չկա. «Պարբերաբար նման հանդիպումներ լինելու են: Կարիք կա, որպեսզի գործադիրն ու օրենսդիրն իրենց քայլերը սինխրոնիզացնեն, խոսենք մեր անելիքների մասին, և եթե այդ ընթացքում հստակեցումների կարիք կա, հնարավորություն լինի դա անելու»:
Այսօրվա հանդիպման մասով Մակունցը նշեց, որ տարբեր հարցեր են քննարկվել, խոսել են վարչապետի վերջին այցերի, պարգևավճարների մասին և այլն:
Իմ քայլը խմբակցության ղեկավարի խոսքերով, հանդիպումը փակ է եղել, դրա համար մանրամասն չի կարող ասել, թե ով ինչ է խոսել, սակայն կարող է ասել, որ ինքը շատ կարևորում է աշխատելու այդ ֆորմատը:
Հարցին, թե այսօրվա նիստին բացի կառավարության ՔՊ-ական անդամներից, այլ անդամներ ևս եղել են արդյո՞ք, Մակունցը նշեց, որ կառավարության հրավիրյալ անդամներ են եղել, ներկա են եղել նաև մարզպետները:
Մակունցը նշեց, որ պատգամավորների շրջանում խոսելու արգելք չկա, ուղղակի կան փակ հանդիպումներ, որոնց մասով մանրամասներ չի հայտնվում:
Հարցին, թե ինչ քննարկում է եղել կառավարության կառուցվածքի և ծրագրի մասով, Մակունցն ասաց, որ կառավարության կառուցվածքի մասով շատ հպանցիկ է խոսվել, քանի որ այն դեռ կառավարության քննարկման առարկա է, իսկ ծրագրի մասով խմբակցության ղեկավարն ասաց, որ նախ կառուցվածքի մասին կխոսեն, հետո ծրագրի: