Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:
Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղվեց դեպի առաջնորդարանի նորակառույց շենքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ և բազում այլ հավատավոր հայորդիներ:
Վեհափառ Հայրապետը Հայկազուն Սրբազանի և Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տեր-Պետրոսյանի հետ միասին կատարեց առաջնորդարանի հուշաքարի բացումը և հատեց մուտքի ժապավենը` ազդարարելով առաջնորդարանի պաշտոնական բացումը:
Տոնական այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնության և գնահատանքի խոսքն ուղղեց ներկաներին` գոհություն հայտնելով Աստծուն, որ պարգևել է շնորհը ուրախակից լինելու հայ համայնքին նորակառույց առաջնորդարանի բացման հանդիսության կապակցությամբ, որը ծառայելու է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հոգևոր և ազգային կյանքի պայծառությանը:
«Նորաշեն, մեծ ու գեղեցիկ այս շենքի կառուցումը մի նոր վկայություն է ավստրալիաբնակ մեր ժողովրդի հավատքի և եկեղեցասիրության և ազգային կյանքի հանդեպ նախանձախնդրության: Այդ ոգին է շենացրել այստեղ հայկական կյանքը: Այդ ոգին միավորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառույցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնությունը և հավատքի կյանքը, որն ունի Քրիստոսի շնորհը հավիտենականության:
Տիրոջ օրհնությամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայում մեր Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, հայ համայնքի զորացմանը, որպես ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զավակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին և առավել ներգրավվեն հոգևոր և ազգային կյանքում: Առաջնորդարանը՝ ինչպես ազգային կյանքի ամեն ձեռքբերում, նաև բարի գործերի նախանձախնդրության օրինակն է փոխանցելու հաջորդ սերունդներին՝ շարունակելու ավստրալիահայ համայնքի հավատքի կյանքը, բարեպաշտ ընթացքն ու ավանդները: Ձեր բարեպաշտությունը, սիրելիներ, նաև հիմքն է այս մեծ ու բազմազգ երկրում ձեր հաջողությունների և ձեր հանդեպ հարգանքի ու վստահության», - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը օրհնությամբ հանդերձ իր երախտիքի խոսքը փոխանցեց հանդիսությանը մասնակից իշխանության ներկայացուցիչներին, Քույր Եկեղեցիների առաջնորդներին և հավատակից եղբայրներին այն բարի վերաբերմունքի համար, որը հայ ժողովրդի զավակները վայելում են Ավստրալիայում:
Հավատքի անսասանության, միմյանց հանդեպ սիրո և միասնականության պատգամի հետ մեկտեղ Վեհափառ Հայրապետը հորդորեց հայորդիներին շարունակել շենացնել իրենց կյանքը, իրագործել ազգաշահ գործեր: Նորին Սրբությունը մաղթեց, որ առաջնորդարանը արդյունավորությամբ ծառայի ժողովրդի հոգևոր և ազգային զարթոնքին՝ իրենց կյանքում վայելելու Աստծո օրհնությունն ու շնորհները: Հայրապետը հայցեց, որ Տերը պահպանի համայն մեր ժողովրդին ապահով ու անվտանգ, մեկ ու միասնական՝ մեր Սուրբ Եկեղեցիով, Սուրբ Էջմիածնով և նվիրական մեր հայրենիքով:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնությունը բերեց առաջնորդարանի հիմնական բարերարներ Տեր և Տիկին Լորիս և Սոնյա Խանջյաններին և իրենց ավանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նվիրյալ զավակներին՝ հայցելով Տիրոջից նրանց քաջառողջություն, արևշատ կյանք և ազգաշահ նոր ձեռնակներ: Ի գնահատություն եկեղեցանվեր և ազգօգուտ ծառայության Հայրապետական կոնդակով Տեր և Տիկին Խանջյաններին շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:
Հիշարժան այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքության պատիվ շնորհեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին` ի գնահատություն նրա բարեջան ծառայության:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց հոգևոր դասին, որոնք անխոնջ խնամում և հսկում են մեր ժողովրդի հոգևոր կյանքը, ինչպես նաև եկեղեցական վարչականներին և Ավստրալիայում ապրող համայն հավատավոր մեր ժողովրդին:
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ կատարուեց
նորակառոյց առաջնորդարանի բացումը
Փետրուարի 3-ին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառոյց առաջնորդարանի բացման արարողութիւնը:
Սիդնեյի Սուրբ Յարութիւն առաջնորդանիստ եկեղեցում մատուցուած Սուրբ Պատարագի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հրաշափառով» ուղղուեց դէպի առաջնորդարանի նորակառոյց շէնքը, որտեղ իրեն սպասում էին պետական այրեր, հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու բարերարներ եւ բազում այլ հաւատաւոր հայորդիներ:
Վեհափառ Հայրապետը Հայկազուն Սրբազանի եւ Թեմական խորհրդի ատենապետ տիար Սարգիս Տէր-Պետրոսեանի հետ միասին կատարեց առաջնորդարանի յուշաքարի բացումը եւ հատեց մուտքի ժապաւէնը` ազդարարելով առաջնորդարանի պաշտօնական բացումը:
Տօնական այս առիթով Նորին Սրբութիւնն իր օրհնութեան եւ գնահատանքի խօսքն ուղղեց ներկաներին` գոհութիւն յայտնելով Աստծուն, որ պարգեւել է շնորհը ուրախակից լինելու հայ համայնքին նորակառոյց առաջնորդարանի բացման հանդիսութեան կապակցութեամբ, որը ծառայելու է աւստրալիաբնակ մեր ժողովրդի հոգեւոր եւ ազգային կեանքի պայծառութեանը:
«Նորաշէն, մեծ ու գեղեցիկ այս շէնքի կառուցումը մի նոր վկայութիւն է աւստրալիաբնակ մեր ժողովրդի հաւատքի եւ եկեղեցասիրութեան եւ ազգային կեանքի հանդէպ նախանձախնդրութեան: Այդ ոգին է շէնացրել այստեղ հայկական կեանքը: Այդ ոգին միաւորել է ձեր ծնողներին ու պապերին եկեղեցիներ կառուցելու, դպրոց ունենալու, ազգային կառոյցներ ստեղծելու՝ պահպանելու համար ազգային ինքնութիւնը եւ հաւատքի կեանքը, որն ունի Քրիստոսի շնորհը յաւիտենականութեան:
Տիրոջ օրհնութեամբ նոր Առաջնորդարանը ծառայելու է Աւստրալիայում մեր Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը, հայ համայնքի զօրացմանը, որպէս ազգի տուն՝ համախմբելով այս մեծ երկրում ապրող մեր ժողովրդի զաւակներին: Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքոյ յատկապէս երիտասարդ հայորդիները առնչուեն իրենց արմատներին եւ առաւել ներգրաւուեն հոգեւոր եւ ազգային կեանքում: Առաջնորդարանը՝ ինչպէս ազգային կեանքի ամէն ձեռքբերում, նաեւ բարի գործերի նախանձախնդրութեան օրինակն է փոխանցելու յաջորդ սերունդներին՝ շարունակելու աւստրալիահայ համայնքի հաւատքի կեանքը, բարեպաշտ ընթացքն ու աւանդները: Ձեր բարեպաշտութիւնը, սիրելիներ, նաեւ հիմքն է այս մեծ ու բազմազգ երկրում ձեր յաջողութիւնների եւ ձեր հանդէպ յարգանքի ու վստահութեան», - նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Այս կապակցութեամբ Նորին Սրբութիւնը օրհնութեամբ հանդերձ իր երախտիքի խօսքը փոխանցեց հանդիսութեանը մասնակից իշխանութեան ներկայացուցիչներին, Քոյր Եկեղեցիների առաջնորդներին եւ հաւատակից եղբայրներին այն բարի վերաբերմունքի համար, որը հայ ժողովրդի զաւակները վայելում են Աւստրալիայում:
Հաւատքի անսասանութեան, միմեանց հանդէպ սիրոյ եւ միասնականութեան պատգամի հետ մէկտեղ Վեհափառ Հայրապետը յորդորեց հայորդիներին շարունակել շէնացնել իրենց կեանքը, իրագործել ազգաշահ գործեր: Նորին Սրբութիւնը մաղթեց, որ առաջնորդարանը արդիւնաւորութեամբ ծառայի ժողովրդի հոգեւոր եւ ազգային զարթօնքին՝ իրենց կեանքում վայելելու Աստծոյ օրհնութիւնն ու շնորհները: Հայրապետը հայցեց, որ Տէրը պահպանի համայն մեր ժողովրդին ապահով ու անվտանգ, մէկ ու միասնական՝ մեր Սուրբ Եկեղեցիով, Սուրբ Էջմիածնով եւ նուիրական մեր հայրենիքով:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց առաջնորդարանի հիմնական բարերարներ Տէր եւ Տիկին Լորիս եւ Սոնեայ Խանջեաններին եւ իրենց աւանդը առաջնորդարանի կառուցմանը բերած Եկեղեցու նուիրեալ զաւակներին՝ հայցելով Տիրոջից նրանց քաջառողջութիւն, արեւշատ կեանք եւ ազգաշահ նոր ձեռնակներ: Ի գնահատութիւն եկեղեցանուէր եւ ազգօգուտ ծառայութեան Հայրապետական կոնդակով Տէր եւ Տիկին Խանջեաններին շնորհուեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» պատուոյ բարձրագոյն շքանշանը:
Յիշարժան այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը արքութեան պատիւ շնորհեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տէր Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանին` ի գնահատութիւն նրա բարեջան ծառայութեան:
Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնը բերեց հոգեւոր դասին, որոնք անխոնջ խնամում եւ հսկում են մեր ժողովրդի հոգեւոր կեանքը, ինչպէս նաեւ եկեղեցական վարչականներին եւ Աւստրալիայում ապրող համայն հաւատաւոր մեր ժողովրդին: