Հայաստան 

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել ԵՄ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ԵՄ նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին խնդրել է հունիսի 14-ին Ադրբեջան այցելության ժամանակ շեշտել, որ Ադրբեջանը պետք է հարգի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, դիպուկահարներին ետ քաշի շփման գծից և ստեղծի քննչական մարմին, որը պետք է ուսումնասիրի սահմանին տեղի ունեցող պատահարները:

 

Այցի կապակցությամբ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը բաց նամակ է հղել ԵՄ նախագահին և նրա ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի վրա, որոնք պատկերացում են տալիս Ադրբեջանի մասին, որպես «քաղաքակիրթ և ժողովրդավար պետության»:

 

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը հիշատակել է Foreign Policy ամսագրի «Կասպից ծովի Կորլեոնեները. ինչպես Ադրբեջանի մենատերը կկաշառի Միացյալ Նահանգներն ու Եվրոպան» հոդվածը, համաձայն որի, Ադրբեջանում վախի, գրաքննության մթնոլորտ է: «Ադրբեջանի մեծագույն առաքելությունն է դրսում լավ տեսքով երևալ: և իզուր չէ, որ մեկ այլ զեկույցում Ադրբեջանի դիվանագիտությունը Եվրոպայում անվանում են խավիարային: Միջազգային «Freedom House» կազմակերպությունն էլ Ադրբեջանը դասել է «ոչ ազատ» երկրների ցանկն»,- ասված է նամակում:

 

Մի շարք այլ աղմկահարույց զեկույցներ ներկայացնելով` Գասպար Կարապետյանը դիմում է Բարոզոյին այն մտահոգությամբ, որ այդ երկրում հակահայ քարոզչությունը իրականանում է պետական մակարդակով, ինչը լուրջ վտանգ է քաղաքակիրթ աշխարհի համար: «Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին 10 տարվա բանտարկությունից հետո տեղի ունեցած արտահանձնման ժամանակ հենց Բաքվի օդնավակայանում Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և տվեց լեյտենանտի կոչում»,- նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահը:  

 

Նույն շարքից