Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 15-ին ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքից հայրենիք ժամանած ուխտավորներին` թեմի փոխառաջնորդ Տ. Սիմեոն աբեղա Օդաբաշյանի և Հյուսթոնի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս քահանա Հակոբյանի ուղեկցությամբ: Ողջունելով ուխտավորների այցը Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել ամենքին` հորդորով, որ շարունակեն արդյունավոր կերպով կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը և իրենց զավակներին կրթեն հայրենասիրական ոգով ու շնչով:
Նորին Սրբությունը կարևորել է աշխարհասփյուռ հայության ուխտագնացությունները դեպի հայրենիք, որոնք վերանորոգում են հայորդիների ազգային-հոգևոր ձգտումները` հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը, հերոսական անցյալին և սուրբ հայրերի մաքառումներին:
Վեհափառ Հայրապետը վերհիշել է նաև Հյուսթոն կատարած իր հովվապետական այցելությունները և, մասնավորապես, հանդիպումները համայնքի երիտասարդության հետ: