Հասարակություն Բարի օր 

Դա եղել է հետգրություն, սարկազմ, ոչ թե հումոր. Ալեն Սիմոնյանը՝ դրոշի վերաբերյալ իր գրառման մասին

Օրհներգի  փոփոխության հարցն օրակարգում չկա, դրա մասին խոսվել է հանրային քննարկում սկսելու համար: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ումից էլ սկսվեցին օրհներգի փոփոխության մասին քննարկումները:

Սիմոնյանի խոսքերով, հանրային քննարկումը ստացվել է, ինքն ու հանրությունն իրենց հետևությունն արել են. «Իմ հետևությունն այն է, որ գործող օրհներգը ՀՀ բնակչության մեծ մասի սրտով չէ: Այլ հարց է, թե ով ինչ է հավանում: Մի բան է հստակ՝ մենք գործող օրհներգի մասով կոնսենսուս չունենք»:

«Հաշվի առնելով դեմ կարծիքները՝ ես միջանկյալ տարբերակ եմ գտել, որի հետ կապված հենց վերջանական տարբերակ կլինի, հանրությանը կներկայացնեմ»,-նշեց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է դրոշի փոփոխության մասին իր գրառմանը, Սիմոնյանը ասաց, որ հումոր չի արել. «Ես գրել էի հոդված, իսկ գրեթե բոլոր լրատվամիջոցները վերցրել էին դրա հետգրությունը և դնում են որպես վերնագիր: Մեր համաքաղաքացիներն էլ հիմնականում վերնագիրն են նայում, ինչը լավ չէ: Դա եղել է հետգրություն, սարկազմ, որի իմաստը եղել է հետևյալը, որ դուք տեքստ չեք կարդում, և յուրաքանչյուր հարց կարելի է քննարկման դնել և դրա շուրջ խոսել: Բայց բոլորը վերցրեցին հետգրությունը և եզրակացություններ արեցին: Ես նման բան չեմ առաջարկել: ՀՀ դրոշը ինձ համար բավարար է և լավն է»:

Հարցին, թե ինչպես կարելի է վերաբերվել նրան, որ պետական պաշտոնյան սարկազով է խոսում պետական խորհրդանիշի մասին, Սիմոնյանը նշեց, որ սարկազմը դրոշին չի վերաբերել. «Ես ինձ երբեք թույլ չեմ տա նույնիսկ մեր օրհներգը ծաղրել: Քանի դեռ այն մեր օրհներգն է, ես հարգում եմ այն: Իսկ հարցի քննարկման մասին ես խոսել ու խոսելու եմ, Հայաստանում չքննարկվող հարց լինել չի կարող»:

Սիմոնյանը կոչ արեց լրագրողներին ընտրել վերնագրեր, որոնք արտահայտում են տեքստի ասելիքը՝ աչք փակելով նրա վրա, որ ավելի քիչ մարդ կկարդա այն:

Նույն շարքից