Հայաստան 

ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները բանավիճել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթը Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում սկանդալի է հանգեցրել։

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով քննարկման ընթացքում Բրայզան հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները դեռևս չեն կարողացել փոխվստահության անհրաժեշտ մակարդակի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման և փոխզիջումների հասնելու համար։

 

Բրայզայի խոսքով՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, հարցը դեռևս չի լուծվել։

 

«Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի կիրառումը նվազեցնելու համար»,-ասել է նա։

 

Իր ելույթում Բրայզան կողմերին կոչ է արել ընդհանուր լեզու գտնել։

 

Հայկական պատվիրակությունը ողջունել է Բրայզայի ելույթը, իսկ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն Ադրբեջանին կոչ է արել դիպուկահարներին հեռացնել շփման գծից։

 

Նրանից հետո ելույթ է ունեցել ադրբեջանական պատվիրակության անդամ Գուդրաթ Հասանգուլիևը և քննադատել է Բրայզային ու հայերին։ Նա Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Բրայզային հիշեցրել է, որ հայերը դեմ էին իր դեսպան լինելուն միայն այն պատճառով, որ կինը թուրք է։

 

Հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն էլ հարց է բարձրացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի մասին, որին այդ երկրում հերոս են համարում։

 

Նույն շարքից