Այսօր՝ փետրվարի 6-ին, Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստն ընթանում է խիստ լարված մթնոլորտում: Նիստի ընթացքում դատավոր Մեսրոպ Մակյանը նախ որոշում կայացրեց նկատողություն տալ խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին և դատական նիստերի դահլիճից հեռացնել Սմբատ Բարսեղյանին: Ապա Մակյանն անդրադարձավ նաև դահլիճում գտնվող անցանց. «Դատարանը բազմից նախազգուշացրել և հորդորել է դահլիճում գտնվող անձանց չխանգարել և թույլ տալ, որ դատարանն իր բնականոն գործունեությունն իրականացնի: Հաշվի առնելով այն, որ դահլիճում գտնվող անձինք շարունակաբար խախտում են դատական նիստի կարգը և նրանց դրսևորված վարքով չի ապահովվում հասարակական կարգը, ինչպես պահանջվում է ՔՕ-ով՝ դատարանը որոշում է կայացնում այս պահից սկսված գործի քննությունն անցկացնել դռնփակ: Բացառություն կլինի լրատվամիջոցների համար, որպեսզի դատական նիստի հրապարակայնությունն ապահովվի»:
Դատավոր Մակյանը ընդմիջում հայտարարեց՝ հավելելով, որ նիստը կշարունակվի, երբ դահլիճում գտնվող անձինք հեռանան:
Դատարանի այս որոշումը բղավոցներով ընդունվեց դահլիճում գտնվողների կողմից, կրքերը խիստ լարվեցին, քաղաքացիները հրաժարվում են լքել նիստերի դահլիճը: