ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նորմալ է, երբ որևէ կուսակցություն ԱԺ դահլիճում նիստ է անցկացնում: Analitik.am-ն ուսումնասիրեց ՀՀ օրենքները և Սահմանադրության համապատասխան դրույթները՝ հասկանալու համար՝ արդյոք օրենքով թույլատրված է կուսակցություններին նիստեր անցկացնել ՀՀ ԱԺ դահլիճում: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում ասվում է.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Սա նշանակում է, որ իրավունք չկա կատարել գործողություն, որի մասին նշված չէ օրենքում:
Ուսումնասիրելով ՀՀ ԱԺ աշխատակարգը՝ տեսնում ենք, որ այնտեղ չկա որևէ կետ այն մասին, որ ՀՀ ԱԺ դահլիճը կարող է օգտագործվել կուսակցական նիստեր անցկացնելու համար, հետևաբար ստացվում է, որ եթե որևէ կուսակցություն նիստ է անցկացնում ՀՀ ԱԺ դահլիճում, ապա դրանով խախտում է ՀՀ Սահմանադրությունը և օրենքները:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ եթե որևէ կուսակցություն ցանկանա քննարկում անցկացնել ՀՀ ԱԺ դահլիճում, որևէ խոչընդոտի չի հանդիպի, ցանկանում ենք նշել, որ կամ Ալեն Սիմոնյանը կամ չի տիրապետում ՀՀ օրենսդրությանը, կամ էլ նորմալ է համարում ապօրինի գործողության կատարումը կուսակցությունների կողմից:
Նշենք նաև, որ «Իմ Քայլ»-ը դաշինքը նույնպես իրավունք չուներ կուսակցության նիստ անցկացնել ՀՀ ԱԺ դահլիճում: