Այս տարի հունվարի 30-ից փետրվարի 1-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գերմանիայի Դաշնություն մեկնած պատվիրակության կազմում եղել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Սոֆյա Նավասարդյանը:
Նշենք, որ խոսքը վերաբերում է նույն Նավասարդյանին, ում՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակումն ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրեց: Նշվում էր, որ վերջինս Փաշինյանի կնոջ վարսահարդարն է և չի կարելի վարսահարդարին նման պաշտոնի նշանակել: Դրանից հետո տարբեր մեկնաբանություններ եղան, որ Նավասարդյանը վարսահարդար չէ: Մասնավորապես, Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանը հայտարարեց, որ Նավասարդյանը ոչ թե վարսավիր է, այլ զբաղվում է արարողակարգային հարցերով, վարչապետի և առաջին տիկնոջ արտաքին տեսքի հետ կապված հարցերով, քաղաքական իմիջի ձևավորմամբ: Ունի պետական կառավարման մարմինների հետ խորհրդատվական համագործակցության ավելի քան ութ տարվա փորձ: Վարչապետի որոշումն է, թե ով լինի իր օգնականը և որ հարցերով. «Սոֆյա Նավասարդյանը վարչապետի օգնական է աշխատում վճարովի հիմունքներով և պետական բյուջեից է աշխատավարձ ստանում»,-ասել էր Եղոյանը:
Աղմուկից հետո Նավասարդյանի անունն անհետացավ վարչապետի օգնականների ցանկից ու առհասարակ աշխատակազմից, սակայն պաշտոնապես նրա պաշտոնանակության մասին որևէ բան չասվեց: Ինչպես երևում է, Սոֆյա Նավասարդյանն իր տեղում է և շարունակում է աշխատել: