Ամբողջ Կառավարությունը գիտակցում է պատասխանատվության իր աստիճանը, Կառավարության փոփոխությամբ նոր ակնակալիքներ են ձևավորվել, և դրանք պետք է արադարացվեն: Խոսելով վերջին երկու ամիսների ընթացքում ձևավորված Կառավարության մասին՝ այսօր ասել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր աշխատանք, լինի Կառավարության, լրագրողի, գործարարի, պետք է լինի տեսանելի ու չափելի: Որոշակի ժամանակահատված է անհրաժեշտ, որ արդյունքները կարողանանք տեսնել, ու չափել հաջողության աստիճանը»,-ասել է Նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ իր համար՝ որպես ոչ տնտեսագետի, կարևոր է երեք հանգամանք:
«Առաջինը կայուն տնտեսական աճն է, որ Կառավարությունը պետք է ապահովի, երկրորդը աշխատավարձ-գնաճ հարաբերակցությունն է. աշխատավարձի աճը միշտ պետք է գերազանցի, առաջանցիկ լինի գնաճից, որպեսզի ավելանան մարդկանց իրական եկամուտները: Երրորդը հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն է, թե մեր ՀՆԱ-ի որ տոկոսն ենք կարողանում հարկերի տեսքով բերել բյուջե: Սա է հիմքը աշխատավարձերի բարձրացման ու սոցիալան խնդիրների լուծման ճանապարհը»,-ասել է Նախագահը և նշել, որ այս տեսնակյունից վեջին 3-4 տարիներին ՀՀ-ն ունեցել է ձեռքբերումներ, այլ խնդիր է, որ ակնկալիքները մեծ են:
Նախագահն ընդգծել է, որ բոլորը ցանկանում են օր առաջ բարեկեցիկ ապրել, և նման ցանկություն գոյություն ունի բոլոր հասարակություններում:
«Աշխարհի բոլոր երկրներում էլ կան դժգոհություններ, որոնք պայմանավորված են այդ ցանկություններով, և սա շատ նորմալ բան է: Աշխարհի բոլոր երկրներում կան տեսակետների բախումներ, տարակարծություններ: Այս տեսակետների բախման ժամանակ են ծնվում պետության համար օգտակար որոշումները: Իմ ցանկությունն է, որ այս պրոցեսները խորացնենք, բայց մի պայմանով, որ այդ բախումները իսկապես լինեն տեսակետների բախումներ, որ դրանք լինեն ԱԺ-ում, մամուլի էջերում և ո´չ թե՝ ցուցարարների ու ոստիկանների միջև: Մենք պետք է կարողանանք ուժ գտնել՝ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, որպեսզի կարողանանք քաղաքակիրթ ճանապարհով գալ ճիշտ լուծումների»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինքն արդեն տեսնում է նախանշաններ, որ նոր Կառավարությունը հաջողություն է ունենալու: