Հասարակություն 

ՀՔԾ-ում ահազանգել են նախկին վարչապետի, նրա որդու, նախկին պատգամավորի կեղծ գործարքների մասին. Առավոտ

«Հանգուցյալ պատգամավորի «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերության կեղծ սնանկության գործի հետքերով» (նոյեմբեր 01.2017) եւ «Գնորդը եղել է նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը» (դեկտեմբեր 30.2017) հրապարակումներում անդրադարձել էի երկու տարի առաջ դեկտեմբերի 16-ի պաշտոնական հաղորդագրությանը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված երկու քաղաքացիների՝ Հենզել Աբրոյանի եւ Ռուբեն Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ:

Այդ գործով շրջանառվում էին ԱԺ նախկին պատգամավոր, 2009թ. հոկտեմբերին մահացած Մելիք Գասպարյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի, վարչապետի օգնական Հայկ Դավթյանի անունները: Սակայն գործը կարճվեց, հանցակազմ չգտան:

Հենզել Աբրոյանն ու Ռուբեն Հովհաննիսյանը վեց ամիս առաջ կանչվել են հատուկ քննչական ծառայություն, տվել են ցուցմունք, եւ մինչ օրս սպասում են գործի հանգուցալուծմանը:

Հանգուցյալ պատգամավորի «Մ.Գ.Հաուզինգ» ընկերությունը շինծու գործարքներ է կատարել, ընկերությունից հանել են Ամիրյան փողոցի եւ այլ հասցեների ամբողջ շենք-շինությունները, հողատարածքները, մի մասը դարձրել են «Նացիոնալ» հյուրանոց, իսկ ընկերության «գազելները» ու տրանսպորտային միջոցները ծիծաղելի գումարներով վաճառելով՝ ընկերության առաջ բացել են կանխամտածված սնանկության կեղծ ճանապարհը:

«Գազել» միկրոավտոբուսը վաճառվել էր 120 000 դրամով, իսկ «Բոգդան» ավտոբուսները՝ 300 000 դրամով: Գնորդն էլ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը: Ինչ կապ ունեն այն երկու քաղաքացիները, որոնց խնդիրը բարձրաձայնել էինք երկու տարի առաջ, եւ որոնք սպասում են, թե ի՞նչ կպատասխանի իրենց ՀՔԾ-ն:

Կառուցապատող ընկերության պատասխանատու Մելիք Գասպարյանը մահանալով՝ ժառանգներին ու պետությանը թողել է գերակա հանրային շահ ճանաչված Ամիրյանի կառուցապատման ծրագրի չլուծված մի շարք հիմնական հարցեր, մասնավորապես՝ 2005-2006-ի իրացումից 23 ընտանիքի բնակարանով ապահովելու խնդիրը, 2006-ից ի վեր, նախնական վաճառքի պայմանագրով, շուրջ 11 000 քմ-ի գնորդներ:

Հենզել Աբրոյանը 16 տարի առաջ 20 000 դոլար գումար տոկոսներով վճարել է մայրաքաղաքի Ալեք Մանուկյան եւ Ֆիզկուլտուրնիկների փողոցների հատման անկյունում կառուցվելիք բնակելի շենքերից բնակարան գնելու նպատակով, Ռուբեն Հովհաննիսյանն էլ 100 000 դոլար է վճարել նույն այդ նպատակով: Մինչ օրս նրանք ոչ բնակարանն են ստացել, ոչ գումարը:

Ըստ կառավարության 26 հունիսի 2009թ. 718-Ա որոշումներից մեկի՝ «Կառուցապատողներին բյուջետային երաշխիքներ տրամադրելու մասին», հանձնարարվել է ֆինանսների նախարարին հետեւյալը. «Երեւան քաղաքի Ամիրյան հասցեներում՝ Երեւանի Կենտրոն համայնք, կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու համար «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊ ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք 3 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարման ապահովման միջոց»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից