Հասարակական փակ վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը, որն արդեն կառավարությունում է, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի սրտով է, նա պատրաստ է միանալ այդ նախաձեռնությանը և չի վախենում, որ իր վարկանիշը կարող է դրանից տուժել, ավելի կարևոր է, որ սրճարան մտնող երեխան ստիպված չլինի շնչել ծուխը: Սիմոնյանը հասկանում է, որ շատերը դեմ են լինելու նախաձեռնությանը, սակայն առողջությունն ավելի կարևոր է. «Ծխող մարդու համար կարող ես հատկացնել տարածք, որպեսզի նա գնա ու ծխի, բայց շնչող մարդու համար չես կարող առանձնացնել շնչելու համար տարածք»:
Ինչ վերաբերում է նրան, որ հաստատություններում հիմնականում ծխողների և չծխողների համար առանձին տարածքներ կան, Սիմոնյանը դա հարցի ամբողջական լուծում չի համարում, քանի որ հաճախ լինում է օդափոխության խնդիր. «Ես ծխող չեմ, հաճախ ստիպված եմ լինում տեղի բացակայության պատճառով նստել ծխողների հետ: Հավատացեք, որ չծխողի համար դա ամենատհաճ բաներից մեկն է: Ծխող մարդը չի հասկանում, թե որքան տհաճություն է պատճառում կողքը նստած չծխող մարդկանց: Մարդն առողջ ապրելու իրավունք ունի: Ծխող մարդը կարող է գնալ ինչ-որ տեղ ծխի, բայց նա չպետք է ծխի իմ, իմ երեխայի, ընտանիքի անդամների հաշվին: Ամբողջ աշխարհում կա միտում, որ մարդիկ հրաժարվում են ծխախոտի օգտագործումից: Օրինակ ԱՄՆ-ում նույնիսկ փողոցում չես կարող ծխել»: