Փետրվարի 27-ից մարտի 19 – ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երևան ՈւրբանԱրթ - 2019» փառատոնը, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի ՍթրիթԱրթի՝ գրաֆիտիի, տրաֆարետային արվեստի, վիդեո պրոեկտումի և մետաքսագրության արվեստը։
Այս մասին այսօր ասուլիսին ասաց VisualGapGallery-ի հիմնադիր-արվեստագետ, «Երևան ՈւրբանԱրթ - 2019» փառատոնի ծրագրի համադրող Մերի Մունը։ Նա նշեց, որ արվեստի այս ուղղությունները Հայաստանում լայն ճանաչված չեն և փառատոնի նպատակը կլինի հանրությանը ներկայացնել ՍթրիթԱրթի տեխնիկայի նրբություններն ու մատուցման եղանակները։
Փառատոնը բաղկացած կլինի երկու մասերից․ առաջին փուլի ընթացքում կլինեն կրթական միջոցառումներ, վարպետության դասեր, իսկ երկրորդ փուլում կներկայացվեն բուն արվեստի գործերը։ Փառատոնը կունենա 4-օրյա հանդիսավոր բացման օրեր և կեզրափակվի համերգով և ցուցահանդեսով։ Փառատոնի նպատակներից է՝ ծանոթացնել մասնակիցներին ստեղծագործական այլընտրանքային տեխնիկաներին, դրանց կիրառմանը, գաղափարների մարմնավորմանն այդ տեխնիկաների միջոցով, տեղի ընտրությանը՝ ժամանակակից քաղաքաշինական միջավայրում և ՍթրիթԱրթի արդի համաշխարհային դրսևորումներին և կանոններին։
Փառատոնը շատ լավ հնարավորություն է տալիս տրտրամադրել արվեստագետներին ընդհանուր հարթակ շփման և արտահայտվելու համար, նշեց փառատոնին աջակցություն տրամադրող Երևանի «Գյոթե կենտրոնի» արվեստի փորձագետ Նաթիա Միքելաձե-Բաչսոլանին։ Իսկ ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերն իր հերթին շեշտեց, որ մոդեռն արվեստին Գերմանիայի Դաշնությունը Հայաստանին որոշեց աջակցել հատկապես վերջին քաղաքական ցնումներից հետո, հնարավորություն տալով արվեստագետին ունենալ թույլատրելի տարածք ստեղծագործել գրաֆիտիի տեխնիկայով։