Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն հունիսի 18-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ դոկտոր Մարտին Փեցոլդի ղեկավարած պատվիրակությանը:Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական ու ջերմ հարաբերությունները և երկրների համագործակցությունը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձել է Հայոց եկեղեցու պատմական դերակատարությանը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում` ընդգծելով, որ ժողովուրդը սերտորեն կապված է Եկեղեցու հետ` գիտակից ազգապահպանության գործում նրա կարևոր առաքելությանը: Խոսելով պատմության ընթացքում Հայ եկեղեցուն բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների մասին` Նորին Սրբությունը մասնավորապես ներկայացրել է Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի և Եկեղեցու կրած ծանր կորուստները: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հույս է հայտնել, որ 2015 թվականին, երբ հայ ժողովուրդը նշելու է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը, միջազգային հանրությունը կզորակցի հայ ժողովրդին` ճանաչելով և դատապարտելով մարդկության կյանքում գործված այդ ոճիրը` հանուն նմանատիպ ողբերգությունների կանխարգելման:
Հանդիպման ընթացքում խոսվել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում Եկեղեցու գործուն ներգրավվածության, տարբեր կրոնական հոսանքների ու կազմակերպությունների գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Հայեցակարգային եկեղեցական հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը: