Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր

analitik.am

Փետրվարի 9-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Ողջունելով ՀՀ խորհրդարանի նախագահին՝ Աշոտ Ղուլյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԱԺ նախագահին բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: ԱՀ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ՀՀ օրենսդիր մարմնի նոր կազմի հետ ծանոթությունների ճանապարհով կընդլայնվի նախորդ տարիներին ձևավորված համագործակցությունը:

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, կարևորել է երկկողմ հարաբերություններում առկա ավանդույթը, որի համաձայն ՀՀ ԱԺ նախագահները աշխատանքային առաջին այցը կատարում են Արցախ, և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի ներդրմամբ երկու հայկական խորհրդարանների միջև հարաբերություններն ավելի կսերտանան:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ ՀՀ և ԱՀ խորհրդարանների նախագահների և ԱՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ:

Հայաստանի օրենսդիր մարմնի նախագահը կարևորել է համազգային խնդիրների շուրջ անկեղծ քննարկումների ձևաչափը և համատեղ եզրակացություններ անելու ու միասնական որոշումներ ընդունելու հանգամանքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  բանակցային գործընթացի ներկա փուլին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին,  ՀՀ կառավարության ծրագրով կրթության և ՏՏ ոլորտներում իրականացվելիք աշխատանքներին, Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական համաձայնագրին վերաբերող հարցեր և հնչել առաջարկություններ:

Ամփոփելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հնարավորությունները և նիստի օրակարգում ներառվելիք հարցերի շրջանակը:

Հաջորդիվ կայացել է ՀՀ ԱԺ նախագահի ճեպազրույցը:

Առավոտյան  Արարատ Միրզոյանը տիկնոջ հետ այցելել է  Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում զոհված նահատակների հիշատակին, այնուհետև Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում ծանոթացել ռազմաուսումնական հաստատության առօրյային և կրթական ծրագրերին: Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Շուշի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի և շրջել Կերպարվեստի և Երկրաբանական թանգարաններում:

 

Նույն շարքից