Հայաստան 

Մամլո ասուլիս խորհրդարանում

analitik.am

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը,  պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը  եւ «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի»  ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը  հունիսի 20-ին հրավիրված   մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին օրեր առաջ  ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի  Բաքվում կայացած «Հարավային Կովկաս. մարտահրավերներ եւ հնարավորություններ»  թեմայով   Rose-Roth  86-րդ սեմինարի աշխատանքներին  մասնակցության վերաբերյալ:

 

Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ,  «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների  կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հրավիրվել էր որպես  բանախոս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը» թեմայով: Նշելով սեմինարին մասնակցության դրդապատճառները, Կորյուն Նահապետյանը նկատեց, որ հայկական պատվիրակության  մասնակցությունը չափազանց կարեւոր էր, քանի որ եթե չկայացվեր մասնակցության վերաբերյալ  որոշում, ապա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին վակուում կստեղծվեր, եւ ադրբեջանցիները, օգտվելով այդ հնարավորությունից՝ թյուր պատկերացում կստեղծեին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ չհանդիպելով ոչ մի հակազդեցության:

 

Սեմինարն ընթացել է խիստ լարված մթնոլորտում. ադրբեջանցի պատվիրակներն  անընդհատ տարածել են  հայատյացություն, հակահայկական քարոզչություն եւ ապատեղեկատվություն, որին հայկական պատվիրակությունը հակազդել է՝  ներկայացնելով իրականությունը թե ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, թե քննարկվող այլ հարցերի վերաբերյալ:  Սեմինարին   ներկա ՆԱՏՕ-ի  Խորհրդարանական  վեհաժողովի մյուս պատվիրակաները հիմնականում եղել են դիտորդի կարգավիճակում. բանավեճն  ընթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների միջեւ:      Սեմինարի ընթացքում, ինչպես տեղեկացրեց հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Ադրբեջանի արտաքին ու անվտանգության գերակայություններն ու եվրոատլանտյան ինտեգրումը, հայ-ադրբեջանական հակամարտությունը, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը, Ադրբեջանում կառավարման համակարգի  եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները, Ղրիմի ճգնաժամը,  Վրաստանի եվրոատլանտյան ուղին, Հարավային Կովկասում էներգետիկ անվտանգությունը, Իրանն ու տարածաշրջանային անվտանգությունը, Աֆղանստանը 2014 թվականից հետո:  Պատվիրակության անդամները  տեղեկացրին, որ  ակտիվորեն մասնակցել են բոլոր հարցերի քննարկմանը՝  լիարժեք  ներկայացնելով դիրքորոշումներն ու տեսակետները:

 

Ասուլիսի ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձան նաեւ  ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված ապատեղեկատվությանը՝ կոչ անելով հայկական լրատվամիջոցներին զերծ մնալ դրանք տարածելուց: Պատվիրակության անդամները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: 

Նույն շարքից