Հայաստան 

Շարունակվեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» և կից օրինագծերում փոփոխություններ նախատեսող փաթեթի քննարկումները

analitik.am

Հունիսի 20-ին ԱԺ պատգամավորները նախորդ օրվա նիստում քննարկված օրինագծերն ընդունելուց հետո շարունակեցին   «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ  մի շարք այլ  օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը:

 

Քննարկվող հարցի վերաբերյալ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ, այնուհետեւ ԱԺ խմբակցությունները ներկայացրին  իրենց դիրքորոշումները:

 

 «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դեմ արտահայտվեց օրինագծերի փաթեթին եւ  նշեց, որ հարցի վերաբերյալ հանրային միասնական քննարկում չի եղել:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քննարկվող օրինագծերի փաթեթը բարեփոխված օրենսդրական նախաձեռնություն է: Նա միանգամայն ընդունելի համարեց ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն գնահատականը, որ կառավարությունը բարեփոխումների հանգրվանային ծրագիր է առաջարկում՝ 3 տարվա անցումային ժամկետ սահմանելով մասնավոր հատվածի աշխատողներին համար: Էդուարդ Շարմազանովը խնդրեց ընդդիմությանը վիրավորական հայտարարություններ անելու փոխարեն խոսել օրենսդրական նախաձեռնության բովանդակությունից,  դասեր չտալ քաղաքական մեծամասնությանը եւ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները չմեկնաբանել՝   ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ իրենք հարգում են քաղաքական բազմակարծությունը եւ չեն վիրավորում որեւէ մեկին:

 

 Արծվիկ Մինասյանը ՀՅԴ խմբակցության համար անընդունելի համարեց քննարկվող օրինագծերի փաթեթը, որի վերաբերյալ չեն եղել հանրային քննարկումներ:

 

Մհեր Շահգելդյանի գնահատմամբ՝ ՕԵԿ խմբակցության համար  անընդունելի է քննարկվող օրինագծերի փաթեթը, քանի որ չի հանվել պարտադիր կուտակային բաղադրիչը:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ պարտադիր կուտակային բաղադրիչը պարզապես դարձել է նպատակային սոցիալական վճար, ինչը, ըստ էության, ոչինչ չի փոխում:

ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ այս փաթեթի ընդունման  համար պատեհ պահ չի ընտրված. հանդուրժողական մթնոլորտում պետք է մասնագիտական վերլուծությունը համադրել քաղաքական որոշումների հետ եւ գտնել արդյունավետ լուծում: Նա տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն դեմ է այս  տեսքով ռեֆորմի իրականացմանը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքական մեծամասնության հասցեին ընդդիմության մեղադրանքները անհիմն համարեց, իսկ  Ազգային ժողովի բնականոն աշխատանքները խաթարելու փորձը՝ անթույլատրելի:  Նա հիմնավորեց քննարկվող հարցի սահմանադրականությունը եւ ներկայացրեց պետական ու մասնավոր հատվածների աշխատողների նկատմամբ կիրառվող տարբեր մոտեցումների պատճառները: Նրա գնահատմամբ՝ օրենքը շահեկանորեն լուրջ փոփոխություններ է կրել, եւ անհրաժեշտ է այն  ճիշտ մատուցել հանրությանը:

 

Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագծերի փաթեթը ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները կատարելու եւ հասարակության որոշակի շերտերի մտահոգությունները նվազեցնելու նպատակ ունի, ինչը հաջողությամբ իրականացվել է: Ըստ նրա՝ օրինագծերի փաթեթը նախադրյալ է ստեղծում այս ուղղությամբ  շարունակելու համատեղ աշխատանքները, տեսնելու առաջարկվող համակարգի առավելությունները եւ մասնակցելու դրա կայացմանը:

Ազգային ժողովը քննարկեց առաջին ընթերցման ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

 

Նախագծով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակներով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը` ներառելով նաեւ վիտամինները, պատվաստանյութերը եւ դեղերը: ՀՀ կառավարության այս քաղաքականությունն ուղղված է ստվերային տնտեսության դեմ պայքարին ու հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:

 

Քննարկվեց նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում էր, որ հայցադիմումին պետք է կցվեն նաեւ «Հայցադիմումը եւ կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին եւ գործին մասնակցող այլ անձանց, սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան, ստանալը հավաստող փաստաթղթերը»: ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով նշված իրավանորմի սահմանադրականության հարցը, 2013 թվականի դեկտեմբերի 10-ի  որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով հիշյալ կետը? «ստանալը հավաստող փաստաթղթեր» ներկայացնելու պահանջի մասով ճանաչել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր: Առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի այս դրույթը խմբագրել ՀՀ սահմանադրական դատարանի  որոշմանը համահունչ ձեւակերպմամբ:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Կատարված լրացումները կապահովեն միգրանտների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ:

 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը ներկայացրեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ բանախոսի՝ օրենքի նախագծերի ընդունումը լիովին կկարգավորի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացները, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ՝ մոտեցնելով միջազգային նորմերին եւ ստանդարտներին, միաժամանակ կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

 

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը ներկայացրեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այս իրավական ակտն ընդունելու արդյունքում կկանոնակարգվեն սեփականության չօտարված մասի օտարման հիմքերը եւ ընթացակարգը, ինչպես նաեւ կհստակեցվի դատական կարգով սեփականության օտարումը:

 

Ազգային ժողովն սկսեց քննարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը, որը ներկայացրեց ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա տեղեկացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովում ստեղծվել է չորս աշխատանքային ենթախումբ եւ ներգրավվել է երեք փորձագետ: Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի կատարած աշխատանքների ուղղվածությունը, ուսումնասիրություններն ու վերլուծությունները:

 

Հարցի քննարկումն ընդհատվեց. այն կշարունակվի Ազգային ժողովի՝ հունիսի 21-ի նիստում:

 

Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով մի շարք օրենքների նախագծեր հանվել են ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից: 

Նույն շարքից