Հասարակություն 

Հետհեղափոխական Հայաստանում ՊՆ-ն իրավունք չունի թաքցնելու զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիան. Իշխանական պատգամավոր

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարդու իրավունքների, ժողովրդավարության, կոռուպցիայի, թափանցիկության բնագավառներում ցանկացած նահանջ կամ չհիմնավորված իներցիա բացարձակ անթույլատրելի է՝ անկախ նրանից՝ պայմանավորված է առանձին պաշտոնյաների ու գերատեսչությունների անփութությամբ, արատավոր վարքով, թե կրում է համակարգային բնույթ։

Եթե նախահեղափոխական Հայաստանում ՊՆ-ն զոհերի ու վիրավորների մասին ինֆորմացիան չի թաքցրել հանրությունից, հետհեղափոխական Հայաստանում առավելևս իրավունք չունի այդպես վարվել։

Եթե նախահեղափոխական Հայաստանում քաղաքացիներին քննադատական կարծիք, անձնական գնահատականներ պարունակող ֆեյսբուքյան գրառումների համար չեն հրավիրել ոստիկանական բաժանմունքներ կամ պետի կաբինետներ, ապա հետհեղափոխական Հայաստանում առավել ևս իրավունք չունեն այդպես վարվել։

Եթե նախահեղափոխական Հայաստանում հացադուլից հյուծվածության պատճառով կամ ինքնասպանության արդյունքում կալանավոր էր մահանում, ապա հետհեղափոխական Հայաստանում մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու սա։

Եթե նախահեղափոխական Հայաստանում ծաղկում էր նեպոտիզմը, հովանավորչությունն ու կոռուպցիան, ապա դրանից ուղղակի բխում է, որ հետհեղափոխական Հայաստանում այդ երևույթները՝ թեկուզ համեմված ինքնա-պարգևա-հավելա-արձակուրդավճարների սոսուսով, պետք է ուղղակի գոյություն չունենան։ Ոչ մի հիմնավորմամբ և ոչ մի տեսքով։

Հուսամ՝ այս շարքն այսքանով հնարավոր կլինի փակել։ Բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներին խորհուրդ կտամ իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում առնվազն շաբաթական մեկ անգամ դիտել ապրիլյան ու մայիսյան օրերի քրոնիկոնները»։

  • 103
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    105
    Shares

Նույն շարքից