Հայաստան Քաղաքականություն 

Մարզպետն 80 հազար դրամ աշխատավարձով վարորդ է փնտրում ու կարծես թե չի գտնում

analitik.am

Արագածոտնի մարզում պարգևավճարները տրվել են լավ աշխատանքի համար, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ խորհուրդ տալով լրագրողներին հետաքրքրվել, թե ինչ աշխատանք են կատարել պարգևավճար ստացողները:

Պարոն Գևորգյանը նշեց, որ պարգևավճարները տրվել են ստորին օղակներից սկսված մինչև ամենավերևի օղակները: Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում, որևէ մեկն աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար չի ստացել:

Հարցին, թե այդ լավ աշխատանքի արդյունքում ինչ փոփոխություններ կան, Գևորգյանն ասաց, որ կարելի է ուղղակի աշտարակցիներից հարցնել, թե օրինակ հիվանդանոցում ինչպիսի հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել:

Մարզպետը նաև կարծիք հայտնեց, որ միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձրանա. «Ես հենց հիմա վարորդ եմ փնտրում՝ 80 հազար դրամ աշխատավարձով: Մարզպետարանի հավաքարարի աշխատավարձը 55 հազար դրամ է: Այդ մասին պետք է խոսել»:

Գևորգյանը խոսեց նաև մինչ այս կորած գումարների մասին՝ հայտարարելով, որ որոշ դպրոցներում մի քանի պահակ են պահել, 5 հավաքարար, երկու տնօրեն: Նրա խոսքերով, ուսումնասիրություններ են սկսվել և հարցերի պատասխանները կտրվեն:

Նույն շարքից