Հայաստանում երկար տարիներ աշխատած մեխանիզմները շատ դեպքերում դեռ շարունակում են գործել, ոմանք մտայնություն ունեն, թե հեղափոխությունից մի քանի ամիս կանցնի, խորհրդարանական ընտրություններից հետո ամեն ինչ կսկսվի նորից: Այսօր՝ փետրվարի 11-ին, համայանքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով նման հույս չունենալ. «Ամեն ինչ նորից չի սկսելու: Որևէ բան չի վերադառնալու հնին: Սա վերաբերում է և քաղաքական, և տնտեսական հարցերին: Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մի բան կանեն, մի բան կլինի, ասեմ, որ ոչ մի բան էլ չեք անելու, ոչ մի բան էլ չի լինելու: Միակ բանը, որ լինելու է, կառուպցիան և կոռուպցիոներներին արմատախիլ անելն է»:
Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում շանս է տրվել ու տրվում է բոլորին, ովքեր չեն օգտվում շանսից, նրանցով կզբաղվեն. «Հայաստանում չպետք է լինի երևույթ, երբ գյուղապետարաններում հաստիքացուցակները 25 կիլոմետրանոց են, կան աշխատակիցներ, ովքեր երբեք գործի չեն գնում: Հետո ասում են, թե Հայաստանում փող չկա»:
Վարչապետն ասաց, որ չի փորձում համահարթեցնել բոլորին, չի կարող պնդել, որ ամենուրեք այդպես է. «Ես գիտեմ, որ համայնքների ղեկավարները տարբեր են և չի կարելի բոլորին նույն չափորոշիչներով չափել: Ես ողջունում եմ այն համայնքների ղեկավարներին, ովքեր ունեն իրենց բնակիչների վստահությունը և պատրաստ են լինելու կառավարության դաշնակիցը: Մենք ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց աջակցելու, նրանց զորավիգ լինելու համար»: