Հասարակություն 

2019-ին Ազարյանի դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան. Հայկ Մարության

analitik.am

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է: Հայկական սպորտի հսկային ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ այցելելով նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:

Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ալբերտ Ազարյանին այն մեծ ավանդի ու նվիրվածության համար, որ ներդրել է վարպետը՝ Հայաստանի պատիվը սպորտի աշխարհում միշտ բարձր պահելու և սերունդներ կրթելու ու դաստիարակելու գործում:

«Դուք հայկական սպորտի լեգենդն եք: Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, որ շարունակեք Ձեր օրինակով սերունդներ կրթել և Ձեր ներդրումն ունենալ սպորտի զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը շրջել է մարզական օջախում, ծանոթացել գործունեությանը, մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ մարզական օջախն այսօր էլ շարունակում է աշխարհում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը. պարբերաբար դպրոցի սաները մրցանակներ են նվաճում միջազգային ամենաբարձր հարթակներում:

Հայկ Մարությանը նշել է, որ մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետի օրակարգում են: Նա վստահեցրել է, որ հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան:

 

Նույն շարքից