Հայաստան 

Սերգեյ Լավրովի այցը Երևան ցուցադրություն է. Անուշ Սեդրակյան

analitik.am

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցը արտաքինից զուտ արարողակարգային է, մինչդեռ դրա ներքին մոտիվացիան ղարաբաղյան հակամարտությունն է: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:



«Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Երևան ցուցադրություն է, և այդ ցուցադրության համատեքստում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին ծաղիկներ խոնարհելը: Ռուսաստանն ընդամենը ցույց է տալիս, որ խաղում է Հայաստանի կողմից: Բայց եթե հաշվի առնենք ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը, Նազարբաև-Ալիև հանդիպումները, որոնցից երկու երկրների ղեկավարներն էլ շատ գոհ են մնացել՝ հատկապես ԼՂ հիմնախնդրի քննարկումների մասով, ապա կարելի է փաստել, որ գործընթացները սկսում են վտանգավոր բնույթ են կրել»,- ասաց քաղաքագետը:



Անուշ Սեդրակյանի խոսքով, խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի պետականությանն սպառնացող ռուսական էքսպանսիայի, այլև ԼՂ հակամարտության մեջ Ռուսաստանի չափազանց ագրեսիվ միջամտության մասին: «Առայժմ սպասվելիք ագրեսիայի առաջին քայլերն են նախապատրաստվում: Վախենում եմ, որ ՌԴ անհանգստություն հրահրի հայ-ադրբեջանական սահմանին: Արցախի հարցը Ռուսաստանի արտաքին քաղաքականության խաղաքարտերից մեկն է: Այդ երկիրը շատ է սիրում կոնֆլիկտներ հրահրել և հետո մի կողմ քաշվել, ինչպես օրինակ Ուկրաինայի պարագայում»,- նշեց նա:



Ամփոփելով՝ քաղաքագետը նկատեց, որ Հայաստանը չպետք է տեղի տա Ռուսաստանի նմանօրևինակ սադրանքներին, սահմանին հնարավորինս զերծ մնա ագրեսիայի դրսևորումներից՝ մինչև վիճակի կայունացումը: «Հայաստանը պետք է զսպի իրեն՝ մինչև տեսնենք ինչ է կատարվում Եվրասիական միության հետ, որն ի դեպ, բազմաթիվ խնդիրներ ունի և կայացման ճանապարհին չէ, ինչպես փորձում են ներկայացնել»,- ասաց Անուշ Սեդրակայնը:

Նույն շարքից