Հայաստան 

Սերգեյ Լավրովի այցից հրաշքի սպասում չպետք է ունենալ. Դավիթ Բաբայան

analitik.am

Ղարաբաղյան կողմը դրական է գնահատում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցը, ինչպես որ դրական է գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպում և քննարկում: Միաժամանակ, ռուս պաշտոնյայի այցից հրաշքի սպասում չպետք է ունենալ: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Քանի դեռ չկա հակամարտության կարգավորման այլ տարբերակ, նման հանդիպումները միայն դրական լույսի ներքո պետք է դիտել:

 

«Ինչ վերաբերում է ՌԴ արտգործնախարարի այն հայտարարությանը, թե հակամարտության կարգավորման հիմքերն առկա են, ապա պետք է նշել, որ դրանց մասին բոլորն են խոսում: Պարզապես խնդիրը նրանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են ընկալում ու մեկնաբանում միջազգային նորմերը»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտության բոլոր սկզբունքներից ամենակարևորը եղել և մնում են ԼՂՀ կարգավիճակը և սահմանի հարցը:

 

Ամփոփելով՝ ԼՂՀ նախագահի ամմուլի քարտուղարը նկատեց, որ մնացած բոլոր հարցերն ընդամենը վերոնշյալ երկու հիմնահարցերի ածանցյալներն են: «Երբ Ադրբեջանը համարձակություն կունենա անդրադառնալ այս հարցերին, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հակյամարտության կարգավորման դրական առաջխաղացում արձանագրել»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօր կայացած համատեղ երևանյան մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե կարգավորման բազան կա՝ կարգավորման սկզբունքները արձանագրված են նախագահների հայտարարություններում, գլխավորը՝ անհրաժեշտ է համաձայնեցնել այդ սկզբունքների իրականացման պարամետրերը և քայլերը:

 

 

 

 

Նույն շարքից