Քաղաքականություն 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ

analitik.am

Փետրվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդին:

ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից տիկին Մոհամեդին ներկայացվեցին Հայաստանում հետընտրական վերջին գործընթացները՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի կառույցների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։

Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը շնորհավորեց Հայաստանում դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային բարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու կապակցությամբ՝ ընդծելով, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ՄԱԿ-ի համար ոչգեշնչող և հուսադրող օրինակ են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների ընթացքին, կայուն զարգացման և նորարարությունների ոլորտում ՄԱԿ-ի և Հայաստանի համատեղ օրակարգին, այդ թվում Տնտեսական և Սոցիալական խորհրդին Հայաստանի անդամակցության համատեքստում՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվեց, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման օրակարգի ազգայնացմանն ու արդյունավետ իրականացմանը՝ առաջնահերթ կարևորություն տալով օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և խրախուսմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական և սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը։

Մ․ Մարգարյանը գլխավոր քարտուղարի առաջին տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ զարգացումները և հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները։ Երկուստեք ընդգծվեց բանակցությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղարի անվերապահ, շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։

 

Նույն շարքից