Գլխավոր Քաղաքականություն 

Այսօր բոլորովին կարևոր չէ, թե Հայաստանի խնդիրներն ինչ հանգամանքներում են ծագել. Մակունց

analitik.am

Գագիկ Ծառուկյանը և ԲՀ խմբակցության անդամները կբարձրացնեն իրենց մտահոգող հարցերը, կտեսնենք՝ կառավարության պատասխանները նրանց կբավարարի, թե չէ: Այս մասին հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարության ներկայացրած ծրագիրը հեղափոխական չէ:

Տիկին Մակունցի խոսքերով, ընթացող քննարկումները հենց նրա համար են, որպեսզի պարզ լինի, թե որքանով են խմբակցությունների մոտեցումները համապատասխանում իրար և ինչպիսի դիրքորոշում է ձևավորվում:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ տնտեսական հեղափոխությունը լինելու է նույն գործիքակազմով, ինչ՝ քաղաքականը, Իմ քայլը խմբակցության ղեկավարը կարծիք հայտնեց, թե հիմնական շեշտադրումն այն էր, որ հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև այն սկսվեց մեկ մարդուց, սկսվեց, քանի որ ՀՀ քաղաքացին իր պատասխանատվությունը զգաց փոփոխությունների համար և ձեռքը վերցրեց այն գործիքը, որն իրեն էր. «Տնտեսական հեղափոխության մասին խոսելիս վարչապետի ասածը վերաբերում էր հենց նրան, որ ՀՀ քաղաքացին նույնպես պետք է իրականացնի իր քայլերը»:

Մակունցի խոսքերով, սա չի նշանակում, թե կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից. «Այսօր բոլորովին կարևոր չէ, թե Հայաստանի խնդիրներն ինչ հանգամանքներում են ծագել, մենք գիտակցում ենք, որ խնդիրներին լուծման առումով պատասխանատուն մենք ենք»:

Հարցին, թե կոնկրետ ինչ պետք է անի ՀՀ քաղաքացին տնտեսական հեղափոխության համար, Մակունցն ասաց, որ մեծ սիրով կքննարկի այդ հարցը, սակայն ոչ այս անգամ, իսկ այս պահին միայն կարող է ասել, որ ՀՀ քաղաքացին պետք է հարկերը վճարի:

 

Նույն շարքից