Հայաստան 

Տարոն Մարգարյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանն արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ քննադատությանը:


Tert.am-ի հետ զրույցում մենաբանելով ՀՀ երկրորդ Նախագահի ձևակերպումները վճարովի ավտակայանատեղիների վերաբերյալ` Մարգարյանը նշել է. «Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երևան համայնքին վերապահված գործառույթ է և, հետևաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։ Սակայն դա չի նշանակում, որ օրենսդրության սահմաններում համայնքին վերապահված և քաղաքում իրականացվող բոլոր ծառայությունների մատուցումը պետք է կազմակերպվի և իրականացվի միայն ու միայն անմիջականորեն քաղաքապետարանի կողմից։

 

Տվյալ պարագայում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայության մատուցումը, մայրաքաղաքում իրականացվող մի շարք այլ ծառայությունների նման, մրցութային եղանակով պատվիրվել է մասնավոր կազմակերպության, իսկ քաղաքային բյուջե ամբողջությամբ մուտքագրված գումարներից վճարվում է մատուցված ծառայությունների դիմաց։

 

Օպերատորին մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող գումարները փոխկապակցվել են Երևան քաղաքի բյուջե հավաքագրվող գումարների հետ (տոկոսային հարաբերակցությամբ) ռիսկերը նվազեցնելու և հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու տրամաբանությամբ, թերևս այս պարագայում այն կարող էր լինել հստակ պայմանագրային գումար և ուղղակիորեն վճարվել մատուցված ծառայությունների դիմաց։

 

Հավաքագրված գումարները քաղաքի բարեկարգման ծրագրերին ուղղելու վերաբերյալ առաջարկները տրամաբանական են և ականջահաճո, սակայն այդ գումարներն առաջին հերթին պետք է ուղղվեն ծառայության կազմակերպման և հավաքագրման ծախսերը ծածկելու նպատակով: Իսկ թե որ չափն է շահավետ տրամադրել այդ ծառայությունների դիմաց, ապա այն կատարված ծախսերի ծախսածածկման և սահմանված դրույքաչափով հավաքագրված գումարների շրջանակում իրենից ներկայացնում է թվաբանական գործողության արդյունք և լիարժեք վերահսկելի գործընթաց է։

 

Չփորձելով հաշվապահական հաշվառման մակարդակում ներկայացնել օպերատորի շահութաբերության հարցը, կառաջարկենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ այս ծառայությունը ներկայումս ապահովում է բավարար շահութաբերություն, օգտվել օպերատորի հայտարարությունից և կատարված ներդրումների արժեքով ձեռք բերել կազմակարպության բաժնետոմսերն ամբողջությամբ և ստանալ ենթադրյալ գերշահույթները։

 

Այդուհանդերձ արձանագրենք, որ ծառայությունը Երևանի քաղաքապետարանի կողմից անմիջականորեն կազմակերպելու պարագայում նույնպես պետք է իրականացվեն ներկայումս կատարվող ծախսերը, իսկ ծառայությունների մատուցման օրվանից սկսած հավաքագրման ցուցանիշները խոսում են այն մասին, որ քաղաքապետարանը՝ ծառայությունը պատվիրելով մասնավոր կազմակերպությանը, առնվազն ներկայումս խուսափել է որոշակի վնասներից»։

 

Քոչարյանը խոսելով ավտոկայանատեղիների վերաբերյալ` հայտարարել էր, թե այս «գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում»: 

Նույն շարքից