Հայաստան 

ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը չի պատրաստվում օգնական նշանակել սեփական դստերը

analitik.am

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը հավաստիացնում է, որ իր օգնականն ինքնակամ է աշխատանքից ազատվելու դիմում գրել և որ ինքը նրան աշխատանքից չի ազատել: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Կարինե Պողոսյանը՝ անդրադառնալով «Չորրորդ իշխանություն» թերթի հրապարակած այն նյութին, թե ինքն աշխատանքից ազատել է իր օգնականին և նրա փոխարեն աշխատանքի է ընդունել սեփական դստերը:


 

«Խոսակցությունները, թե իմ օգնական Էմմա Նալբանդյանին ես եմ ազատել աշախատանքից, իրականությանը չեն համապատասխանում: Իսկ ահա աղջիկս երկու տարի է՝ հասարակական հիմունքներով, աշխատանքի դիմաց չվճարվելով իմ օգնականն է աշխատում: Նա անընդհատ մտնում-դուրս է գալիս ԱԺ, շփվում լրագրողների հետ և սիրում է իր գործը: Ինչ վերաբերում է իմ նախկին օգնական Էմմա Նալբանդյանին, ապա նա այս պահին ընտանեկան շատ լուրջ խնդիրներ ունի, երեք տեղ է աշխատում: Նա ինքնակամ դիմում է գրել և ազատվել պատգամավորի օգնականի աշխատանքից, և աղջիկս հիմա էլ հասարակական հիմունքներով օգնում է ինձ: Աղջիկս այդաշխատանքի համար աշխատավարձ չի ստացել և չի ստանում»,- հավաստիացրեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 


Ամփոփելով՝ Կարինե Պողոսյանն ընդգծեց, որ սեպտեմբերից իր համար նոր օգնական կվերցնի, սակայն ոչ իր աղջկան: «Ես արդեն իսկ աչքիս տակ ունեմ մի երիտասարդի՝ իրավաբանի կրթությամբ: Նա Երևանից է»,- ասաց խորհրդարանականը:


 

էմմա Նալբանդյանն էլ Analitik.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքնակամ է թողել աշխատանքը և Կարինե Պողոսյանի հետ շարունակում է մտերիմ հարաբերությունների մեջ մնալ: «Աշխատանքից ազատվել եմ առողջական խնդիրների պատճառով, ինձ ոչ ոք չի ստիպել ազատման դիմում գրել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինի նման շարունակելու է աշխատել որպես ուսուցչուհի, իսկ սեպտեմբերից կվերադառնա խորհրդարանական աշխատանքին, թե ոչ, դեռ չի որոշել:

Նույն շարքից