Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Քննարկում ենք առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը. Փաշինյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե չի ցանակնում արդյո՞ք կառավարությունը նախկին իշխանությունների օրոք ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերվածը ռեսուրսները պետականացնել և օգտագործել որպես բաժնետիրական ընկերություն, որտեղ բաժնետերը կլինի պետությունը, իսկ գումարը հիմնականում կուղղվի դեպի բանակը, նշեց, որ այդ պրոցեսը հիմա արդեն տեղի է ունենում. «Մենք մեխանիզմներ ենք գտնում, որ նախկինում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները վերադարձվեն և ծառայեցվեն բանակին: Որոշ դեպքերում դրանք կարող են արտահայտված չլինել մեր բյուջեի մուտքերում, որովհետև ինչ-ինչ նպատակներով դրանք կարող են իրականացվել այլ եղանակներով: Այսինքն, դրանք ոչ թե մուտք կարվեն բյուջե, այլ ինչ-որ տեղից գնում իրականացնելու ժամանակ կուղղվեն այնտեղ»:

Փաշինյանը նշեց նաև, որ վերոնշյալ պրոցեսի ծավալներով բավարարված չէ. «Կարծում եմ, որ մեր իրավապահները պետք է այս թեմայով առավել ակտիվ աշխատեն և առավել մեծ արդյունք ցույց տան: Ես զգում եմ, որ լճացում կա:  Այստեղ նաև հարց կա երկրից ու ժողովրդից գողացված գումարների վերադարձի մասով: Ուզում եմ ասել, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ես հասկանում եմ, որ այս անվանում կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումներով սա համարվում է նորմալ պրակտիկա կոռոպուցիայի դեմ պայքարում, սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում: Սա, ըստ էության անցումային արդարադատության տարր է»:

Վարչապետն ընդգծեց, որ խոսքը վերաբերում է բացառապես գույքին, մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու հարց չի լինելու. «Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այն համարվում է ապօրինի: Այս դեպքում գործում է ոչ թե անմեղության կանխավարկածը, այլ՝ մեղավորության»:

 

Նույն շարքից