Հայաստան Քաղաքականություն 

Սիրելի՛ էջմիածնեցիներ, ես հասկանում եմ, որ ձեր դժգոհությունները տեղին են. Քաղաքապետ

analitik.am

Ասֆալտապատման մասի

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Սեփական դիտարկումների արդյունքում նկատել եմ, որ քաղաքապետարանի աշխատանքից դժգոհությունները հիմնականում կապված են մեր քաղաքի ասֆալտբետոնե ծածկի վիճակի, չասֆալտապատված փողոցների, փողոցներում առկա փոսերի հետ:

Սիրելի՛ էջմիածնեցիներ, ես հասկանում եմ, որ ձեր դժգոհությունները տեղին են, իսկ պահանջները՝ իրավացի, բայց նաև ցանկացած քննադատություն պետք է լինի հիմնավորված, օբյեկտիվ և ողջամիտ: Մասնավորապես, հանդիպող այն մեղադրանքները, թե նախկինում գոնե փոսալցում էին կատարում, իսկ հիմա՝ ոչ, տեղին չէ, քանի որ տարվա այս եղանակին Էջմիածնում երբեք ասֆալի փոսալցումներ չեն արվել: Ստորև ներկայացնում եմ հստակ տվյալներ.
2016 թվականին Էջմիածնում թե՛ փոսալցման, թե՛ հիմնանորոգման աշխատանքները սկսվել են մայիսի 16-ից,
2017 թվականին փոսային ասֆալտապատումը մեկնարկել է ապրիլի 4-ից, իսկ հիմնանորոգման աշխատանքները՝ ապրիլի 17-ից,
2018 թվականին փոսային ասֆալտապատում իրականացվել է մարտի 15-ից, իսկ փողոցների հիմնանորոգում՝ ապրիլի 20-ից:

Ես հորդորում եմ հաշվի առնել, որ ճանապարհների այս վիճակը ոչ թե մեր թերացումների, այլ նախկինում արված անորակ աշխատանքների, ինչպես նաև բնական մաշվածության հետևանք է, հետևաբար մեզ ուղղված քննադատություններն անարդարացի են:

Միևնույն ժամանակ, տեղեկացնում եմ, որ մեր մարտավարությունը լինելու է հետևյալը. անել հետզհետե, քայլ առ քայլ, բայց անել կապիտալ և որակով, ինչը կծառայի երկար և չի պահանջի նոր ներդրումներ:

Այդ նպատակով, այս տարի մեր համայնքն օգտվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրից, որի պարագայում կատարվող հիմնարոգման համար պետության կողմից տրամադրվում է 45% համաֆինանսավորում, իսկ 55%-ը ներդրվում է համայնքի միջոցներից:

Առաջիկայում ձեզ կներկայացվի և հանրային քննարկման կդրվի այն փողոցների ցանկը, որոնք ծրագրվում է հիմնանորոգել:

Հիմնանորոգումից առաջ քերված ասֆալտը կվերամշակվի և դարձյալ կգտագործվի ամբողջովին հողածածկ փողոցների ասֆալտապատման նպատակով,

Մինչ այդ, մոտ օրերս, որպես ժամանակավոր լուծում, կմեկնարկի խորը փոսերի փակման և լցոնման գործընթաց:

Հուսով եմ՝ գոնե այս պարզաբանումից հետո մեզ քննադատողները կփորձեն ավելի օբյեկտիվ գտնվել և մեզ անհարկի չմեղադրել քաղաքի բազմամյա խնդիրների համար:

Անողոք քննադատողներին շնորհակալ եմ, դուք մեզ մոտիվացնում եք՝ շարժվելու առաջ. բայց նաև ձեզ սրտանց ցանկանում եմ թեկուզ մեկ օրով հայտնվել ղեկավար պաշտոնում ☺️, բախվել այն հազարավոր խնդիրներին, որոնց մենք ենք բախվում, և առերեսվել միջոցների այն սղությանը, որին մենք ենք առերեսվում:

Ծառայում ենք ձեզ, բայց այդ բարդ գործում ունենք ձեր աջակցության և ողջախոհության կարիքը: Բարի օր եմ մաղթում բոլորիդ:

էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան

Նույն շարքից