Քաղաքական 

Կառավարությունը՝ այգեպան, կաշառակեր պաշտոնյաները՝ միջատներ ու կրծողներ. Կոնջորյանի պատկերավոր ելույթը՝ ԱԺ ամբիոնից

Պատկերավոր ասած, ես կարծում եմ, որ կառավարությունը նման է այգեպանի, որը պետք է ապահովի համապատասխան միջավայր ու պայմաններ, որպեսզի ծառերը պտուղ տան: Այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ խոսելով այն մասին, թե որը պետք է լինի կառավարության դերակատարումը տնտեսական հեղափոխության հարցում:

Կոնջորյանի խոսքերով, մոլախոտ  ու փուշ կարելի է համարել մոնոպոլիաները. «Պետք է կառավարությունը պայքարի պայմանական կրծողների և վնասակար միջատների դեմ, պայմանականորեն դրանք կաշառակեր պաշտոնյաներն են: Պետք է ապահովի համապատասխան ենթակառուցվածքներ՝ ջրամատակարարում և այլն: Դրանից հետո ծառերը պտուղներ կտան: Քանի որ մենք տնտեսական հեղափոխության մասին ենք խոսում, մեզ պետք  են անհավանական պտուղները»:

Խոսքի վերջում Կոնջորյանը դիմեց Իմ քայլը խմբակցությանը՝ հայտարարելով, որ այգեպանն իր գործը կանի, իսկ իրենք պետք է ժողովրդի հետ մշտական կապի մեջ լինեն, դժգոհություններն անընդհատ ֆիքսեն, այդ դժգոհությունները բոլորից առաջ կառավարությանը հասցնեն. «Եթե այդ պատնեշը չլինի մեր և ժողովրդի միջև, եթե ԱԺ ամբիոնը միջնաբերդ չդառնա կառավարության համար, մենք բոլորս կհաջողենք»:

Նույն շարքից