Աբխազիայում սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրող կուսակցությունների և նախաձեռնող խմբերի գրանցման, ինչպես նաև պետության բարձրագույն պաշտոնի հավակնորդների առաջադրման գործընթացը: Այն կշարունակվի մինչև հուլիսի 14-ը: Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին՝ կապված ընդդիմության պահանջով հունիսի 1-ին նախագահ Ալեքսանդր Անկվաբի պաշտոնաթողության հետ:
Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նախաձեռնող խմբերը և վեց կուսակցություն, որոնք հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված են ընտրությունների նշանակված ամսաթվից հինգ ամիս առաջ: Դրանք են՝ Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը, «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումը», Աբխազիայի ժողովրդական կուսակցությունը, Աբխազիայի կոմունիստական կուսակցությունը, «Ամցախարան» և «Միասնական Աբխազիան»:
Դեռ մինչև նախընտրական արշավի սկսվելը հայտնի են դարձել նախագահի պաշտոնի երկու թեկնածուների անունները: Հունիսի 17-ին քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների Համակարգող խորհրդում միավորված ընդդիմությունը որոշում է ընդունել իր ղեկավարներից մեկին՝ Ռաուլ Խաջիմբային, նախագահի թեկնածու առաջադրելու մասին:
Նույն օրը իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է Աբխազիայի ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Զապշբան, որը գլխավորում է «Աբխազիայի համաքաղաքացիական միություն- հանուն օրինականության, կայունության և ժողովրդավարության» հասարակական միավորումը: