Հասարակություն 

Երևանում 70 նոր ավտոբուս երթուղի դուրս կգա

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունն այսօր մայրաքաղաքում 19 երթուղի է սպասարկում: Ամեն օր երթուղի է դուրս գալիս շուրջ 180 ավտոմեքենա: Բացի այդ, ընկերության հավաքակայանում այժմ շուրջ 70 ավտոբուս կա, որոնք տարիներ շարունակ չեն շահագործվել: Քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ առաջիկայում դրանք ևս գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը:

«Մենք ուզում ենք արդեն այսօրվա ցանցի մեջ փոփոխություններ իրականացնել, որպեսզի ավելի մեծ քանակությամբ շարժակազմով սպասարկենք մեր քաղաքի բնակիչներին: Սա խոսում է այն մասին, որ ավելի մեծ է պատասխանատվությունը լինելու, ավելի դժվար է աշխատանքը լինելու, ծավալները մեծանալու են տեխնիկայի սպասարկման ոլորտում: Վարորդների թիվը պետք է ավելանա, սպասարկման որակը՝ մեծանա»,- նշել է քաղաքապետը:

Ընդգծելով տրանսպորտի ոլորտում նախատեսվող համակարգային բարեփոխումների կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ համալիր ծրագրի իրագործմանը զուգահեռ քաղաքապետարանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում խնդրին միջանկյալ լուծումներ տալու ուղղությամբ:

«Ժամանակը գնում է առաջ, պետությունը զարգանում է և ամեն ոլորտում պետք է զարգացում լինի: Յուրաքանչյուր խոչընդոտ պետք է միասին հաղթահարենք և նոր հաղթանակներ ձեռք բերենք այս ոլորտում: Երևան համայնքին տրանսպորտի առումով սպասում է մեծ ապագա: Տրանսպորտային նոր ցանցը մեր երակների մեջ հոսող արյունն է լինելու, որն էլ կապահովի քաղաքային տնտեսության համաչափ զարգացումը»,- ընդգծել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը զրուցել է աշխատակիցների հետ, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին տնօրեն Էլբակ Թարփոշյանին և աշխատակազմին՝ նվիրված աշխատանքի համար, ինչի արդյունքը շահագործվող ավտոբուսների լավ վիճակն է: Հայկ Մարությանը շրջել է նաև ընկերության տարածքում, ծանոթացել հավաքակայանի հնարավորություններին:

 

Նույն շարքից