Քաղաքականություն 

Սա ես չեմ ասել, փիլիսոփա Նիցշեն է ասել. ԼՀԿ-ական պատգամավորը կառավարությանը հիշեցեց «Հարսնացուն հյուսիսից»-ի Սերոբի խոսքերը

analitik.am

Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե որևէ տեղ գրված չէ ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը: Խորհրդարանում կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հիշեցնելով հայտնի ֆիլմի դրվագը, որտեղ Արմեն Ջիգարխանյանն ասում է, որ «ուրիշները մարդ են մեջ գցում Սերոբի խորհրդի համար, իսկ ձեզ համար՝ հե՞չ». «Թող զանգեին, խորհուրդ հարցնեին, մենք էլ կասեինք, որ կա 2015 թվականի հունվարի 22-ի կառավարության 2-րդ արձանագրային որոշումը, որտեղ հստակ գրված է, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը»:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, որոշակիությունը, հստակությունը, գիտելիքահենքությունը հենց այն կարևոր հիմքերն են, որոնք պետք է դնել աշխատանքի հիմքում, բայց կառավարությունը դրանց այդքան էլ ուշադրություն չի դարձրել. «Մենք չպետք է վախենանք որոշակիությունից: Կառավարության ծրագիրը չի փայլում որոշակիությամբ: Մասնավորապես դատական իշխանության մասով բավականին մակերեսային են ախտորոշված առկա խնդիրները: Եթե մենք ուզում ենք դատական իշխանության անկախության ապահովումն իրականացնենք և հպարտանանք դատական իշխանության անկախությմամբ, պետք է գիտակցենք, որ գեղեցիկ մակերևույթ առանց խորը անդունդի չի լինում: Սա ես չեմ ասել, փիլիսոփա Նիցշեն է ասել: Այդ խորն անդունդի հիմքերում առկա խնդիրները պետք է բացահայտել ու լուծել: Իսկ կառավարությունը խնդիրները նեղացնում է՝ հասցնելով կոռուպցիայի և հեռախոսային արդարադատության: Այնինչ սրանք պատճառներ չեն, սրանք հետևանքներ են»:

Սիմոնյանը խոսքի վերջում նշեց, որ պատմությունը չի ներում նրանց, ովքեր իրենց ձեռքում հայտնված հնարավորությունները բաց են թողնում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն իրենց ձեռքում եղած հնարավորությունը բաց չեն թողնի:

 

 

Նույն շարքից