Հայաստան Քաղաքական 

Վայ նրան, ով այս դահլիճում է ու դրա կողմնակիցը չէ. Ում կողմից է Թանդիլյանը՝ Փաշինյանի՞, թե՝ առյուծի

Հասարակության սպասումները շատ մեծ են: Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ կառավարությունից մարդկանց ակնկալիքները երբեմն չհիմնավորված շատ բարձր են, ինչը հեղափոխության շնորհիվ է:

Թանդիլյանի խոսքերով, պետք չէ լարվել մարդկանց սպասումներից, ինչի իրավունքը վերջիններս ստացել են հեղափոխությունից հետո. «Իմ անհանգստությունը, սակայն այն է, որ հասարակությունը սկսել է կորցնել վստահությունտը սեփական ապագայի նկատմամբ: Խոսքը կառավարության կամ իշխանության նկատմամբ վստահության մասին չէ, այստեղ ես մտահոգություն չունեմ: Մենք կարող ենք այս մասին չխոսել, սակայն դրանով հարցը չի լուծվի»:

Վերադառնալով տնտեսական զարգացմանը, Թանդիլյանը նշեց, որ դրա երկու ճանապարհ կա՝ աստիճանական և շոկային թերապիա՝ հեղափոխական ճանապարհ. Այսօրվա կառավարության ծրագիրն իմ պատկերացմամբ բոլորովին չի արտահայտում հեղափոխական տեմպ:

Ինչ վերաբերում է ներդրումներին, պատգամավորի խոսքերով, օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը կամ դրա խոստումը միակ անհրաժեշտ պայմանը չեն ներդրումների համար, դրանք անհրաժեշտ են, սակայն միակը չեն. «Պետք է հասկանալ, թե ինչպես անել, որ ներդրողն ընտրի հենց Հայաստանը: Այստեղ պետք է ունենալ հստակ ռազմավարություն»:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանի հարցին, թե ում կողմից է ընդդիմությունը՝ ի՞ր, թե՝ առյուծի. «Ես մեր պետության հզորացման, զարգացման, ուժեղացման, առաջընթացի կողմնակիցն եմ: Վայ նրան, ով այս դահլիճում է ու դրա կողմնակիցը չէ»:

 

 

Նույն շարքից