գլխավոր 

Ձեր նշանակած Ոստիկանապետին դատարանում ասում են լակոտ ձեզնից և ոչ մեկ նրան չի պաշտպանում. Բաբաջանյան

Ձեր նշանակած Ոստիկանապետին դատարանում ասում են լակոտ ձեզնից և ոչ մեկ նրան չի պաշտպանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել, երեկ էլ արդեն ՊՆ նախարարին էին հաթաթա տալիս, մինչև ե՞րբ։ Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ նիստին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը՝ ընդգծելով․ «Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնաբար պաշտպանել»։

Անդրադառնալով կառավարության ծրագրին` Բաբաջանյանը նշեց, որ անցած շուրջ 10 ամիսներն ավելի քան բավարար էին կառավարության այնպիսի ծրագրի մշակման համար, որը կդառնար առաջիկա ոչ միայն հինգ այլև տաս, տասնհինգ տարիների զարգացման ուղենիշը․ «Այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է։ Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում որևէ ստրատեգիական հենք։ Առանձին բաժիններ ու գլուխներ դրանում ներառված են զուտ մեխանիկորեն՝ առանց որևէ դիալեկտիկական պատճառահետևանքային կապի։ Ծրագրի մի հատվածից չի բխեցվում մի ուսը, մի նպատակադրում չի պայմանավորում այլ նպատակների իրականացում, ամենակարևորը ծրագիրը չի ներկայացնում այն առաքելությունը, որը պետք է ստանձնի ՀՀ-ը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում»։

Բաբաջանյանը հավելեց, որ կցանկանար այս ծրագրում տեսնել, թե հետհեղափոխական Հայաաստանը որպես պետություն, մենք որպես հասարակություն համաշխարհային քաղաքակրթության անվտանգության որ մասն ենք ապահովելու և ինչպես․ «Ցավոք, այս ծրագրում տեսա արձանագրում այն մասին, որ մենք առաջիկա հինգ տարում և գուցե դրանից հետո լինելու ենք ոչ թե համաշխարհային քաղաքակրթության և անվտանգության մատակարար, այլ ընդամենը սպառող, իսկ սովորական սպառողները սեփական օրակարգ չեն ունենում, առավել ևս չեն թելադրում, սպառողներն ածանցվում են այլոց օրակարգերին»։

Նույն շարքից