2018 թվականի գարնանը ինձանից ձախ ու իմ, ետևում գտնվող գործիչների մի մասը հայտարարեցին, որ այս նույն դահլիճում նստած ուժի և դրա պարագլխի հավերժ իշխանությունը կանխելու համար սկսում է շարժում, բառի բուն իմաստով զոհասեղանին դնելով իրենց կյանքը: Այսօր՝ փետրվարի 14-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին:
Առաքելյանի խոսքերով, այդ նույն ընթացքում դահլիճում իրենից աջ գտնվողների մի մասը (Լուսավոր Հայաստան) սկսեցին ակտիվ աշխատել շարժման դեմ, այնինչ կարող էին սպասել և տեսնել, թե ինչ կլինի. «Այդ ուժի ղեկավարը հանդես եկավ ծավալուն հոդվածով, որտեղ, ըստ էության, տուրք տալով Շարմազանովի հայտարարությանը, որ Հայաստանում քաղաքական գործունեությամբ զվաղվելու համար ճանապարհն անցնում է Մելիք Ադամյանով, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին կարող է խանգարել միայն Սերժ Սարգսյանի կամքը և առաջարկեց ընդդիմությանը տալ վերահսկողական լծակներ»:
Պատգամավորի խոսքերով, վերոնշյալ ուժից գործիչներից մյուսը ծաղրում եմ քայլարշավի դուրս եկած ՔՊ-ականներին՝ համեմատելով նրանց արթուրբաղդասարյանների և գեղամյանների հետ՝ ասելով, որ այդ ճանապարհով չեն ուզում գնալ. «Գործիչներից մյուսն այստեղ հեղափոխության ջահի վառվելու պահին փողկապով քիթն էր փակում, որպեսզի ծուխն իրեն չխեղդի: Արդյունքում Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը սխալ էր, իսկ Փաշինյանը՝ ճիշտ, սակայն նման հայտարարություն չլսեցինք իմ նշած գործիչների կողմից: Այսօր Նիկոլ Փաշինյանը վառում է տնտեսական հեղափոխության, երազանքի ջահը, և մենք նորից նույն վարքագիծն ենք տեսնում՝ չհավատալ, փորձել կասկածի տակ դնել, սգոսերվիս դեմքերով և ձայով ելույթներ ունենալ, թվեր ու չափելիություն պահանջել, մեղադրել, որ չեն գիտակցում ողջ բեռը»: