ԿԳ նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք Էդմոն Մարուքյանի համար չեն աշխատում: Զարմանում եմ, դրանով ինչ եք ուզում ասել: Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով նախարար Արայիկ Հարությունյանին:
«Պարոն նախարար, Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել Ձեր մտերիմին, ով օպտիմալացում է սկսել: Նա իրեն 855 հազար աշխատավարձ է սահմանել՝ 554 հազարի փոխարեն, իր գործավարի աշխատավարձը սահմանել է 190 հազար, նոր բաժին է ստեղծել, որը մեկ աշխատող ունի, բայց նաև պետ ունի, լրատվության բաժին է ստեղծել, որը համալսարանը լրատվության հետ շփվի: Մինչդեռ գիտությունների դոկտոր պրոֆեսորը շարունակում է ստանալ 172 հազար 500 դրամ: Սա ինչ է, եթե ոչ կոռուպցիա, Դուք հովանավորել եք մի մարդու, ով եկել է ու թալանում է՝ ուղղակի թղթերով»,-ասաց պատգամավորը:
Մարուքյանը խոսքի վերջում նշեց, որ կառավարությունը պետք է աշխատի իր համար , որովհետև Մարուքյանը ՀՀ քաղաքացի է: