Քաղաքական 

Դուք կամ չեք հասկացել Փաշինյանի ասածը, կամ հասկացել եք, բայց խեղաթյուրում եք. Ռուբինյանը՝ Էդմոն Մարուքյանին

Պարոն Մարուքյան կամ չեք հասկացել ինչ է նկատի ունեցել վարչապետը՝ խոսելով այն մասին, որ աղքատությունը մարդկանց ուղեղի մեջ է, կամ էլ հասկացել եք, բայց խեղաթյուրում եք: Հուսով եմ մենք գործ ունենք առաջին դեպքի հետ։ Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ նիստին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ Քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ Մարուքյանը չի ըմբռնում համատեքստը, որում դա ասվում է․ «Մենք մերժել ենք նախկին կեղծիքի համակարգը, մենք մերժել ենք համակարգը, որում քաղաքացիներն իրենց զգացել են անզոր, քաղաքացիներին ներշնչվել է, որ իրենք ոչինչ չեն որոշում, ոչինչ չեն կարող անել, նրանց ներշնչվել է, որ իրենց պետք է բարի թագավոր, որ կգա կլուծի իրենց խնդիրները։ Եկել է հաջորդ փուլին անցնելու ժամանակը, տնտեսական հեղափոխությանը ժամանակը, իսկ դա անհնար է առանց ժողովրդի»։

Ռուբինյանի խոսքերով, աքատությունը, խեղճությունը, բացի որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների արդյունք լինելուց, նաև մարդկանց ուղեղներում և սրտերում է․ «Մեր առաքելությունն է ստեղծելը պայմաններ, որպեսզի մարդիկ վերագտնեն իրենց վստահությունը, շարունակեն լինեն պահանջատեր և իրենց մասնակցությունը ներդնեն տնտեսական առաջընթացի գործում»։

Վերադառնալով ԼՀ խմբակցությանը, մասնավորապես դիմելով Էդմոն Մարուքյանին՝ Ռուբինյանը նշեց, որ ինքը տպավորություն ունի, թե ԼՀ խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին․ «Հուսով եմ տպավորությունս սխալ է»։

Պատգամավորը հիշեցրեց, որ Էդմոն Մարուքյանը, լինելով ԱԺ պատգամավոր, մի քանի անգամ կողմ է քվեարկել հանրապետական կառավարությունների ծրագրերին՝ այդ թվում Հովիկ Աբրահամյանի․ «Ինձ համար՝ որպես մարդու, քաղաքացու, ԱԺ պատգամավորի, առնվազն տարակուսելի կլինի, եթե Դուք, քվեարկած լինելով կառավարության ծրագրի օգտին, հեղափոխությունից հետո դեմ քվեարկեք հանրային, քաղաքական, և տնտեսական կյանքի վերափոխմանն ուղղված ծրագրին։ Ես ենթադրում եմ, որ դուք ունեք Ձեր պատճառաբանությունները և կներկայացնեք դրանք»։

Նույն շարքից